Տանյա Հովհաննիսյան / Tanya Hovhannisyan

<<Բաց հրապարակ>> գրքից





















*

Այդ ի՜նչ գիշեր էր, այդ ի՜նչ ծախս արինք,-
ախ, կամ ինձ մոտ գողացված դրամ էր, ուրիշինը-
կամ ոտեղի՞ց ինձ այդքան կեղծ ու շռայլ դրամ-
որ ծախսեցի վրադ:
Մի գիշերվա համա՜ր- իմ ամծանո՜ թ,-
և ասացի բառեր- որ ասում են
ամբողջ մի կյանքի մեջ
և ամբողջ կյանքի համար,
և համբույրներ, և շոյանքներ, և սեր,
որ պահում են միայն աստվածների համար,
և թափեցի, թափթփեցի խելառ
կյանքը երկարացնող մի մեծ սափոր գինի,
որ իսկապես, որ դեռ ինչքա՜ն- պիտի- պետք գար:-

Մի գիշերվա համա՜ր- մի անծանո՜թ,
մի մութ, անապագա, զևզեկ,-
էհե՜յ, իբր ուզեցել եմ ասել- թե ես կի՛ն եմ,
թե ինձ պատահել էր տղամա՜րդը-
թե գիշերը միայն ս՜եր է լինում (կորզում),
ու մի գիշերն արժե ի՜բր- ուրիշների ապրած
մի ողջ դրախտայի՜ն...

Իսկ ինչու եմ ապա այսպես-
ժլատ, կծու, ձեռնփակ ու բռո՜ւնց արած հիշում,
մեծ ծախսերս հիշում,-
ու հարբածի ետօրվա պես-
փոշման-փոշման կորչում-
      թե չհիշեն հանկարծ- ինչե՜ր էի փչում...


*

Իմ սիրելի փոքրիկ սեր,
ավելի լավ է՝ դու լինես իմ համար զբաղմունք՝
          քո փոքրիկ, կարճլիկ ոտ ու ձեռքով,
մեկ-մեկ բարևներով, պստլիկ, բարակ համբույրներով,
քո այցելություններով- մանրիկ, ոտնահար-
                                         հազիվ շունչը բերանիդ,
քու թույլ, անկենդան շոյանքներով,
      թե հազիվհազ խոստովանություններով-
              անկապ ու չորս-հինգ հատիկ,
անկիրք շողերով նայվածքիդ ու- պաղ,
սակավ ու նվազ,
հանգած ու մարած քո սիրահարվածությամբ,
                քո վերջին նկրտումներով բնազդի
                ու հիվանդ տղամարդկության,
քան- շուկան,
         լրագրային ակնարկները,
սոցապները, գրասենյակները,
ալքիմիայի մի կերպ ոսկին ու փայլը առերևույթ,-
               և այսպես՝ քան- տոկոս առ տոկոս՝
               ինչ որ տեսնում ես այս օրերին-                            
մեծ մասամբ- գրեթե- ամեն բան,-
իմ սիրելի փոքրիկ սեր,                                                                           
-իմ անտաղանդ ու հաշմ:


Անսարք ու կարգին պոեմ իմ անկման մասին

Տերևի պես ընկա-
   օրորուն, լուսամրրիկ,
պարելու պես ու երգեցիկ:
Ցավիս ձայնը չլսվեց-
   թեթևրսահ, թեթևսոլիկ,
այդպես խաղաղ, այդպես շրշյուն:

Ատելության կրունկդ անգամ
չբախվեց ինձ, չզարկեց ինձ-
և մահն անգամ չզգացվեց իմ մահովս լուռ-
թե, ա՜խ, գիրկը կերթամ իր սև,
ու չիմացաք ու չիմացաք,-
ընկա հավետ, ընկա, մեռա:
Եվ երբ դու փնտրեցիր ինձ-
տեսար-կանգնած է ծառս- էլի՜-իր տեղո՛ւմ,-
գարի հացի պես ճաքած,
ճաքած ու մորմոքուն, սև ու քոթուկ,
մեկընդմիշտ պետքական
ու չհեռացող, վանող ու չհեռացող-
ծառս՝ ես:
Ես- իմ տեղը:
Եվ սպանեցիր գարնանը,
որ սերը դարձյալ աճ տա և տերև տա ճյուղին,
որ ես բար տամ, որ միրգ տամ, սեր տամ դարձյալ:

Դու դանդաղ ու համբերատար սպասեցիր գարնանը,
քանզի խելոք մտածում էիր-
թեթևսահ մեռնողները ցնդած են լինում
և հեշտ էլ կարողանում են վերստին հառնել
ու կենդանանալ,
ու իբրև տերև, ավիշո՜վ ու թարմ
կպռճկվել հնին, քոթուկ հին բնին
ու կենդանացնել ու կնդանանալ:

Ա՜խ, ցնդածնե՜րը, թեթևսահ ու թեթևսոլիկ այդ 
մեռնողնե՜րը...
Մշտնջենական- ա՜խ, այդ ի՜նչ կա
մեռնող ու դեղին նրանց աչքերում:

Եվ սպասեցի, սեր իմ, քեզ հետ սուս կացա,
թաք կացա ինձնից ու սպասեցի:
Մանավանդ՝ հենված քոթուկ իմ ծառին,
դու պատրաստ պահած ունեիր ճյուղդ,
որի վրա ես պիտի թառեի քանց կանաչ տերև
վերստին գարնան:-
Ճյո՞ւղդ, թե՞ խոսքդ-
թե՝ գնա մեռի, ետ դարձիր՝ սիրեմ...

Ա՜խ, ինչ օրենք էր,
թարսի պես բան էր,-
էլ ետ չդարձա...
Կարկուտը զարկեց,
թե չարքը խփեց,
թե տարիքս անցավ պտղաբերության-
էլ ծառս չաճեց,
էլ տերև չեղավ,
էլ ետ չդարձա...
Թե՞ դարձա- եկա ու
թեթևսոլիկ ու թեթևսահ-
չճանաչեցի ծառս ու բույնս                          
ու թռա- հեծա
ու տերև դարձա
ուրիշ մի ծառի, ուրիշ մի ճյուղի...
Եվ քեզ հետ, սեր իմ,
թող ոչ ոք երբեք չիմանա
ու չասի նույնպես-
թե՝ գնա մեռի, ետ արի՝ սիրեմ:
Ետ չեն գա- երբեք...





20-րդ դար

Ոտքի վրա- սնվում ենք, սիրում, սիրահարվում,
Ոտքի վրա, ձեռքի հետ- ծնում, աճեցնում, դաս տալիս,
Տներ ենք շարում- բարձրացնում, երգեր ենք գրում,
Կտավներ գրծում, չափում ու ձևում, կարում ու 
                                                                             կարում-
Արագ- ձեռքի հետ, շատ արագ,
Լսում ենք, համոզվում, կատարում,
Ատում ենք, արհամարհում, խաբում, ականջ դնում,
Լրտեսում ենք և ղեկավարում ենք մարդուն, քաղաքը,
Պետությունը- ոտքի վրա, ձեռքի հետ և-
Պահում ենք, կրակում,
Շատ արագ- շուտափույթ, հպանցիկ, ձեռքի հետ,-
Հասցնում ենք... արագ, արագ վարպետորեն- շտապ,
Դեղահաբը քնեցնի- զարթուցիչը արթնացնի-
Դե՜ արագ, արագ,
Կգնաս համերգ և այնտեղ կլսես ճոխ մի օրորոցային,
Վատ ապրած, շուտ մեռած մորդ երգի փոխարեն-
Արագ-արագ,
Կգնաս թռչնոց-ցուցահանդես, դե արագ-արագ,
Եվ այնտեղ կարոտով թվացյալ,-
       կարթնանաս արշալույսի հետ, անուշ հորանջով,-
             երբ լսես անուշ ծուղրուղուն աքլորի՝
                                                               վանդակում պպզած...
Եվ այսպես- ոտքի վրա, ձեռքի հետ, սիրելիս, 
                                                                       հասցնում ենք,
Դռները բացում ու փակվում են, երգերը հնչում ու 
                                                                                     լռում,
Լույսերը վառվում ու հանգչում են, սրտերը զարկում ու
Կանգնում են,
Սեղանները գցվում ու դատարկվում են, շատ արագ՝
             մի փոքրիկ կյանք ապրելու համար-
             մի փոքրի կյանք մեծ տեսակի-
                                                  որ ժամանակը հերիքի...
Հե՜յ, սակայն, ինչ շատ է մեր թողած աղբը,
                                                                   ի՞նչ անենք.

Ոտքի վրա, ձեռքի հետ, հավաքել չի լինում,
Աճում ու աճում է աղբը, թափոնը, անպետքը,
                                                 շատ արագ- ի՞նչ անենք,-
Էհե՜յ, մի մաքուր սեղան պատրաստեք
         եկողների համար, մի մաքուր ու ազատ
         տարածություն եկողների համար-
         մի մաքուր ու պայծառ ժամանակ,
                                                ազատ ժամանակ...
Նրանք ի՞նչ կասեն մեր մասին-
Նրանք ինչպե՞ս կճանաչեն մեզ այսպես-
Մենք ինչպե՞ս կդիմավորենք նրանց շատ արագ,
        ձեռքի հետ, աղբի մեջ, շատ արագ...
Այս երգն էլ գրեցի ոտքի վրա, ձեռքի հետ, ներեցեք
                                                                  եկողներ,
Ես կուզեմ ձեզ հետ ապրել նորովի-
       երբ գալու լինեք մաքուր ու ազատ,
          հանգիստ ու անդորր մի տարածություն-
              ապրելու մի տեղ- կանաչ ու նրբին,-
Երբ գցած լինի մաքուր մի սեղան, ազատ ու բացսիրտ,
                                                                    ճերմակ ու բարի,-
      ես ձեզ հետ կուզեմ նորից նոր ապրել
      մարդու շնորհքով ու մարդավարի-
      նիստ ու վերկացով,- ու շնչառությամբ
      ողջ իմ թոքերի, անշտապ, քնքուշ- ինչպես մի 
                                                                               ծաղիկ,
բացազատ դաշտում,-
Ինչպես վայել է անդորրը լճակին, վսեմ իր տեսքով,
Որտեղ ձկներն են խաղում խայտանքով
Առանց վախի ու խեղդվելուց փրկման
                                                               աճապարանքի...


Հարմոնիա

Ես քեզ կնվիրեմ շրթհարմոն,
և դու նվագիր,
ասա, որ արևը բարձրանում է,
իջնում է աստղը մի օր,
անձրևը զովացնում է,
օգոստոսը՝ տապի մեջ քաշում,
ասա, որ սա հարմոնիկ է ու նվագ,
որ սա միայն ուրախություն է, պար...

Դու նվագիր, նվագիր,
երբ մարդը դողդոջ ծերուկ է արդեն,
երբ սիրելի է մանչուկը,
նոր միայն խնկարկում է հնչյուն,
երբ բարի խոսքից այտդ կարմրում է,
և երբ դաժան աչքերը արցունքոտում են սիրտդ-
նվագի՛ր, նվագի՛ր...

Երբ տեսնես մեռնողի վերջին հայացքը
ու փակես կոպերը սառած,
երբ տեսնես՝ աղջիկն է պարում
իր հարսանիքին, ու մատները
անուշ հարսնություն պիտի բուրեն,
դու ասա, որ շրթհարմոնդ այդպես
նվագում, որ
սա հարմոնիա է, շերբեթ է-
քաղցր ու դառն, որից թե 
չխմեն, չեն ունենա
կյանքը...

Արի, ել արի՛, ես քեզ նվիրեմ շրթհարմոն,
դու ապրիր, նվագիր և ասա,
որ առավոտները միշտ պիտի լինեն,
և միշտ ուրախ օր պիտի սպասվի,
որ իրիկունները միշտ պիտի լինեն,
և գիշերը կարող է սարսափ ու մութ բերի,
որ սերը ծաղկի գարնանը- ձեր
բակի խնձորենուց էլ վառ,
իսկ ձմռանը, ձմռանը
դուռը կշրխկա երեսիդ
ու կփակվի, կփակվի հավետ...

Դու կլինես տասնութամյա,
դու աչքերդ՝ կապույտ,
դու կլինես զառամ ու տրտունջքի հիվանդ,
դու կլինես ժիր ու կյանքոտ մեղու,
ու կքամես մեղրահյութը,
դու կլինես հյուլե 
շերտ-շերտ հողից անդին...

Արի՛, արի քեզ նվիրեմ շրթհարմոնս,
և դու ասա, որ սա նվագ է,
սա պարեղանակ է, սա՝ հարմոնիա...
Օրհնեցեք միայն, օրհնեցեք այս վալսը
և ցանեք միայն ապրեցնող խոտեր
և տվեք մարդկանց- թող հոտոտեն
բուժիչ ծաղիկների գլխիկները...
Իսկ չարիքը հեռու
թաղեցեք, նվագից հեռու,
այս երգից հեռու,
հարմոնիայից դուրս...   
     













Տես նաև