Տանյա Հովհաննիսյան / Tanya Hovhannisyan

<<Հրաբուխի ծաղիկ>> գրքից





















Կիսաճանապարհին

Կիսաճանապարհին,
Երբ քամին կօրորի մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հիշիր սկիզբը-երբ սկսեցիր ճանապարհդ,
Երբ քեզ ճամփա գցեցին մայրդ, քույրդ, հարևանդ 
                                                                         ու անծանոթը,
Եվ հիշիր, որ նրանք դեռ կանգնած կմնան այնտեղ,
Մինչև դու հասնես ուզածդ տեղը
Ու բերես խնձորը անմահական:

Այսպես, երբ կեսճանապարհին՝
Քամին՝ յոթգլխանի հրեշ՝ կօրորի մեջքդ փափկասուն,
Հիշիր, ինչ կամեցավ զինվորը վերջին պահին,
Հողը սեղմած բռան մեջ ու աչքերը՝ բաց երկնքին,
Հիշիր, ինչ ճչած ծաղիկը խելագար, երբ արմատից պոկված
Ընկավ հորդահոս գետի մեջ...

Երբ վերջապես քամին կուզենա ջարդել մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հավատա նաև, որ ընդ եղեգան փող բոց ելաներ,
Որ քո եղեգնիկ մեջքից դեռ արու զավակ պիտի բոցա,
                                                                        որ ճամփա ելնի առա՛ջ...
Հիշիր, որ երկրի վար արևը ընդմիշտ սպասում է մարդուն,
Ջուրն սպասում է, հողն սպասում է, ծովն ու երգը
Շառաչում զարկում են քարափին, այսինքն
Շնչում են ու սպասում են մարդուն:

Երկիրը անտեր չես թողնի, գիտեմ,
Երբ քամին կօրորի մեջքդ
Կիսաճանապարհին:

*

Իմ ու քո միջև ահագին տարածք կա, այնինչ մենք ուզում
                                                     ենք համբուրվել,
Ահագին տարածք կա՝ չորացած, քարքարոտ ու ճաքած,
Եվ մարդիկ՝ գնում ու գալիս են հապշտապ,
Որը հարբած է, որը կոպիտ, մեծախոս ու անդուրեկան:
Իմ ու քո միջև երգեր են ձգվում,
Խռպոտված, աններդաշնակ, մեղեդայնությունից զուրկ,
Եվ ռումբերն են սուրում վերջին խոսքի,
Եվ խելակորույս, վտանգավոր արագ պտտվում է
                                                         Այս մեծ երկրագունդը ինքը,-
                                                         Իսկ մենք համբուրվել ենք ուզում:

*

Բուք:
Ոչնչացնող
պեծին տվող
ճերմակ թույնի փոշի:                                  
Չունես արդեն
Ոչ ականջներ,
ոչ քիթ:
Ներսում՝
վառարան:
Կողերը լիզում են
կրակի կրքոտ
լեզուները:
Ու... չես մեռնում-
Այստեղ շարունակվում է
կյանքդ:
Ցուրտ,
Սառը,
Աչքերի սպիտակ հայացք՝
Քեզ:
Ոչնչացնող արհամարանք՝
հավասար մահի:                                                       
Չունեն արդեն
ոչ ժպիտ,
ոչ բառեր:
Ներսում՝
սիրտ:
Կողերը լիզում են
հույսի ճարտար լեզուները:
Ու... չես մեռնում,-
այստեղ- արյան մեջ-
շարունակվում է
կյանքդ:


Երկրորդ հարսանիք

Եվ այսպես-
Այսքան հետո իմ աչքերը դեռ տեսնում են,
Եվ այսպես-
Այսքան հետո իմ ականջները դեռ լսում են,
-Ձեռքերս ծափ են տալիս,
Եվ ոտքերս բարձրանում են աստիճաններով...-
Եվ հոգիս- փոքրիկ երեխայի նման համոզվում է նորից-
            քաղցր-մեղցր խոսքերով-
չսիրած կերակուրն ուտել,-
Եվ հոգիս- խեղճուկրակ մոր նման- սրտի թրթիռով նորից
            ընկնում է- երբ դռնից անառակ
            որդին է ներս մտնում,-
Եվ հոգիս- պառաված օրիորդի նման կամ
           դժբախտացած այրու- համաձայնում է՝
           թեկուզ սևմութ մի ամուսնության-
           որ,- թո՛ղ, կյանքի ընկեր ունենա,-
Եվ հոգիս- ընդունում է գործազուրկին մնան-
           ամեն մի աշխատանք- չնչին դրամ վաստակելու
           հույսով- որ ընտանի՛ք պահի, որ վաստա՛կ ունենա,-
           որ նա՛և- մարմինը քոս չընկնի- պարապ նստոտելուց,-
Եվ հոգիս- կռվում է եղբայր կորցրած քրոջ նման-
          վշտի շիրմաքարին ողբալուց հետո-
          աղավնի է բաց թողնում երկինք-
          որ կռիվը դադարի և վերջի՛ն,
          կենդանի մնացած թանկագին եղբայրը-
                                             չնահատակվի- նույնպե՛ս...-
...-Եվ այսպես- եթե իմ աչքերը դեռ տեսնո՛ւմ  են,
Եվ այսպես- եթե իմ ականջները դեռ լսո՛ւմ են,-
                                                                   կարելի՞ է,-
     թո՛ւյլ տվեք,- են նորի՛ց ներս մտնեմ.-
Ես ի վիճակի՛ եմ, ի զորո՛ւ եմ, կարող ո՛ւժ եմ- կրկնելո՛ւ
Հնում ապրածս- զուտ միայն ուրախության ու լավի 
                                                                              քայլերը,-
Տիպի՛կ կրկնելու- զուտ միայն ուրախության ու լավի-
                                             ամեն մի մանրամա՛սն,-
Օ՛ն, ուրեմն, թո՛ւյլ տվեք,-
-Ես նորի՛ց եմ հարս ու թագավոր կանգնում
        այս կյանքի շեմքին հայրակա՛ն,-
Իմ սրտովն էլ չէ՛ր,-
(Այն, ինչ եղավ),-
     և երկրո՛րդ հարսանիքն եմ անում-
                         զուռնա-դհոլո՛վ...

Առավոտ

Եվ առավոտ է:
Մաքուր է օդը, ճանապարհը, երկինքը:
Պայծառ է խոտի գույնը, քո դեմքը, սարերին նստած հորիզոնը:
Անաղարտ է արթնացումը երեխայի, ծերունու, աղջկա:
Փոշի չկա ծաղկի թերթին, քո մազերին, լուսամուտների
                                                     կապույտ ապակիներին:

Բարի, առատաձեռն, խաղաղ ու հանգիստ
Ողջունում են սրտերը ծագումն արեգակի
Ու, արդար, ուզում են սլանալ առաջ այդպես՝
Դեպի օրը,
Դեպի ամբողջ օրը,
Առավոտից-գիշեր, արդար:

Հիմա ամուր են հենված հողին,
Հիմա բոլորը անխաբ են, լիիրավ, կատարյալ,
Գիտեն ամեն ինչ՝ ու՞ր գնալ, ինչու՞ և այլն,
Կա միայն մի պատասխան- լինել:
Ոչ ոք իրեն չի ատում, արհամարhում,
Ոչ ոք չի նայում դիմացի մարդուն իբրև թշնամու
                                                                  ու հակառակի,
Մեղավորը չկա առավոտյան կողմ,
Աչքերը բաց են ու հյուրընկալ,
Ձեռքերն ու դեմքը օծված են մաքուր ջրով՝
ողջ օրվա համար:

Ամեն մարդ էլ աղավնի է
Ու երազանք,
Վարդը ձեռքին երջանկություն...

Օ, առավոտ, օ, իմ մանուկ,
Ե՞րբ ես դառնում դու անհավատ, թերի, մաղձոտ ու անհոգի,
Չար, դժնդակ ու տմարդի,
Ե՞րբ ես դառնում անհամ, անգույն ու ձանձրալի:

Ե՞րբ է իջնում այտիդ վրա փոշի ու կեղտ,
Ե՞րբ է փակվում սիրտը մյուս՝ ուրիշ սրտի դիմաց,
Ե՞րբ են մռայլ իրար խեթում աչքերն իրար,
Ե՞րբ է ծնվում խարդավանքդ,
Հոգուդ, սրտիդ հոգնությունը
Ե՞րբ է իջնում, իմ առավոտ:
Ո՞ւր է թևում մաքրությունդ,
Անուշ, արդար մաքրությունդ,
Իմ առավոտ:

Ե՞րբ է ծնվում մեղավորդ... 

Կոպիտ պոեզիա-թղթե վարդ

Իմ պատուհանին դու մի՛շտ կաս- թղթե ծաղիկ,
                                                            ձեռքով պատրաստած,
Եվ բոլորը տեսնում են, որ դու թղթից ես ու կոշտ, անճարակ
                                                                                      սարքած.
-Ես չեմ ամաչում, ուրիշներն ամաչում են այսպիսի ծաղկի
                                                    համար՝ իրենց պատուհանին:

Իմ պատուհանին դու միշտ կաս- թղթե կոշտ ծաղիկ,
Դրանով պարզ երևում է իմ վառ սերը բոլոր ծաղիկների
                                                                                      հանդեպ,
Որքան առմիշտ բացակա են այստեղ,-
Դրանով- ակնհայտ է իմ վառ ցանկությունը,
Մեկընդմիշտ իմ կանչը՝ կենդանի ու բուրող վա՛րդը դեպի...
Ուրիշներն ամաչում են- ես չեմ ամաչում,
Որ ցանկությունս այսպես կոշտ է երևում իմ պատուհանիս,
Ես միայն սաստիկ պիտի ամաչեի ու տխրեի, թե չունենայի
                                                           պատկերը ծաղկի- բնա՛վ,-
Թե ցանկությունս իսպառ կորսվեր՝ այդ ծաղկի տեսքով-
                                                                                      անհե՛տ:-
Գիտեք ի՞նչ, դու հենց նրանք եք, որ չեն նվիրում ինձ
                                                                            բուրող վարդեր,- 
Իսկ ես, ձեզ հակառակ, ահա գովում եմ
                                                Թղթե վարդը-կոպիտ պոեզիան,-
Որ զարդարում է, իրոք, իմ կյանքը:-
Այն ճարտարությունն է՝ սերս ապրեցնելու առմիշտ,
Այն ճշմարտությունն է՝ ցանկությունս վեր պարզելու առմիշտ,
Այն իմ ձեռքն է, չեղած տեղը զարդարում է պատուհանս,
                                                                                    առմիշտ:
Այն իմ սիրտն է, որ միշտ ծաղիկ է տալիս:

Ես սիրում եմ իմ ճարտար ձեռքը, որ միշտ պատրաստում է 
                                                                                            վարդ,
Ես սիրում եմ իմ ճարտար սիրտը, որ միշտ երազում է կյանք:

















Տես նաև