Emile Sioran Էմիլ Սիորան






















      

*
Գիշերվա ժամը երեքն է: Ես ընկալում եմ վայրկյանը, այնուհետև՝ մյուսը. ես յուրաքանչյուր րոպեի վերջնահաշվարկն եմ կազմում:
Ինչի՞ համար: Որորվհետև ծնվել եմ:
Արթնության հատուկ տեսակ կա, որը ստիպում է կասկածի տակ առնել ծնվելու իմաստը:

*
Մանկությունից ի վեր ես ընկալում էի ժամերի հոսքը, ժամերի, որ անկախ էին ցանկացած հարաբերությունից, գործողությունից, իրադարձությունից: Ես հետևում էի ժամանակի անջատմանը նրանից, ինչը ժամանակը չէր, նրա ինքնուրույն գոյությանը, նրա առանձնահատուկ կարգավիճակին, նրա տիրապետությանը, նրա բռնակալությանը: Ես շատ հստակորեն հիշում եմ (ավելի հստակ հնարավոր չէ) այն հետկեսօրը, երբ առաջին անգամ, դատարկ տիեզերքին դեմ-հանդիման, ես ընդամենը վայրկյանների խուճապահար վազք էի, վայրկյանների, որ հրաժարվում էին այլևս իրականացնել իրենց գործառույթը: Ժամանակն անջատվում էր գոյից ի վնաս ինձ:

*
Ողջ լինել. ինձ հանկարծ ապշեցնում է այս արտահայտության տարօրինակությունը: Այն, ասես, ոչ մեկին չվերաբերի:

*
Անհիշելի ժամանակներից ի վեր մարդիկ մեռնում են. կենդանի էակը պիտի որ մեռնելու սովորություն ձեռք բերած լինի: Առանց դրա անհնար կլիներ բացատրել, թե ինչու միջատից սկսած մինչև կրծողները ու մարդն ինքը կարողանում են մի քանի չեմուչումից հետո այսքան արժանապատվորեն սատկել:

*
«… Բայց Էլոհիմը+ գիտե, որ այն օրը, երբ դուք դրանից կուտեք, ձեր աչքերը կբացվեն»:
Աչքերը հազիվ էին բացվել, երբ ողբերգությունը սկսվեց: Նայել՝ առանց հասկանալու. սա է դրախտը: Դժոխքն ուրեմն այն տեղն է ուր հասկանում են, ուր չափից շատ են հասկանում:

+Էլոհիմ-Աստված (եբրայերեն)

*
-Դուք ի՞նչ եք անում առավոտից իրիկուն:
-Ես դիմանում եմ ինձ:

*
Ստեղծագործությունը գոյություն ունի միայն այն դեպքում, երբ նախապատրաստվել է ստվերում՝ նույն ուշադրությամբ և խնամքով, որով մարդասպանը մոտենում է իր հասանելիք մասին: Երկու դեպքում էլ առաջնայինը հարված հասցնելու մասն է:


*
Վայրագություն կա բոլոր վիճակներում, բացի ուրախությունից: Schadenfreude բառը, որ «չար ուրախություն» է նշանակում անիմաստություն է: Չար բան անելը հաճույք է, ոչ թե՝ ուրախություն: Ուրախությունը՝ միակ ճշմարիտ հաղթանակը աշխարհի նկատմամբ մաքուր է իր էության մեջ: Այն ուրեմն չի կարող հանգեցվել հաճույքին, որը  միշտ կասկածելի է՝ և՛ ինքը, և՛ իր դրսևորումները:
                                                                                                                                               

















*
Որպես օրանգուտան, մարդը ծեր է, բայց որպես պատմական օրանգուտան հավանաբար նոր երևույթ է. դուրսպրծուկ է, որը ժամանակ չի ունեցել սովորելու, թե ինչպես պետք է ինքն իրեն պահել կյանքում:

*
«Ճշմարտությունը թաքնվում է նրանից, ում հոգին լի է ցանկությամբ և ատելությամբ» (Բուդդա):
Այսինքն՝ ցանկացած ապրողից:

*
Որևէ գերեզմանի առաջ «խաղ», «խաբեություն», «կատակ», «երազ» բառերն ուղղակի պարտադիր են: Անհնար է մտածել, թե գոյություն ունենենալը լուրջ երևույթ է: Ամենասկզբում, ամենահիմքում ընկած է ինչ-որ մեքենայության հավատի զգացողությունը: Մարդիկ պիտի գերեզմանների ճակատին գրեն. «Ոչինչ ողբերգական չէ: Ամեն ինչ իրական է»:
*
Ազատ է նա, ով ըմբռնել է բոլոր տեսակետների դատարկությունը, և ազատագրված է նա, ով դրանից եզրակացություն է արել:

*
Ինքնասպան լինել, որովհետև այն ես, ինչ կաս. այո, բայց ոչ նրա համար, որ ամբողջ աշխարհը թքում է երեսիդ:

*
Գիրքը հետաձգված ինքնասպանություն է:

*
Արևմուտքը՝ փտվածք, որից լավ հոտ է գալիս՝ օծանված դիակ:


  














* 
Ի՞նչ իմաստ ունի երկար-բարակ խոսել այն մասին, ինչը բացառում է մեկնաբանությունը: Մեկնաբանված տեքստն այլևս տեքստ չէ: Մենք ապրում են ինչ-որ գաղափարի հետ, դա չենք մասնատում, մենք պայքարում ենք դրա դեմ, ոչ թե նկարագրում դրա փուլերը: Փիլիսոփայության պատմությունը փիլիսոփայության ժխտումն է:

           * 
Դրախտն այն վայրն էր, ուր ամեն ինչ  գիտեին, բայց չէին բացատրում: Տիեզերքը՝ մեղքից առաջ, մակնաբանությունից առաջ:

          *
    Միստիկները և նրանց «երկերի լիակատար ժողովածուները»: Երբ Աստծուն ես դիմում՝ միայն ու միայն Աստծուն, ինչպես որ նրանք էին պնդում, պիտի զերծ մնաս գրելուց: Աստված չի կարդում…

       *
      Իդեալական էա՞կը: Հումորից ավերված հրեշտակը:

      *
     Աստված է, նույնիսկ եթե չէ:

      *
  «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ». սա մեզանից յուրաքանչյուրի չխոստովանած նշանաբանն է: Եթե ընդունում ենք, թե մյուսները կարող են մեզանից երկար ապրել, դա անում ենք միակ հույսով, թե նրանք կպատժվեն դրա համար:

     *
     Ավելի կեղծ դիրքորոշում չկա, քան հասկանալ և շարունակել ողջ մնալ:

     *
    Ոչ ոք այս աշխարհն ավելի չի սիրել, քան ես, այնինչ՝ եթե այն մատուցեին ինձ սկուտեղի վրա, նույնիսկ մանուկ հասակում կբղավեի. «Ուշ է, չափազանց ուշ»:


Թարգմանությունը՝ Նունե Աբրահամյանի