Ալֆոնսիա Սթորնի Alfonsina Storni

 

      

Մեռած սիրո բնանկար
Դու խորտակվում ես, ա՛րև: Հրաժեշտը մայրամուտի,
Որ վառվում է ալիքներում իմ, հարատև չէ…
Եվ սիրտս դուրս է պրծնում, ինչպես թելը ասեղից:
Գալիս է գիշերը՝ դանակով: Եվ լացի պես զրնգում է սառնությունը հովի:
Մութ ափերին արդեն սևանում է հոտը քաղցած, և խոսքն իմ լռում է,
Մահը խշխշում է չոր ճյուղերի պես: Խոտը համրացել է:
Ավելի մոտ են փշերը: Ես պարուրված եմ ստվերներով…
Ահա վերջապես ընկավ արևը՝ դեղնած կեղևով,
Ինչպես շունը, որ պառկում է՝ սեփական պոչի հետ խաղալուց հոգնած:
Երկրագունդը պառկում է հանգստանալու, և ոսկրոտ ձեռքերով
Աստղաբույլերն է հանգցնում: Ճռթճռթում է ավազը,
Սև բիբերով արահետը քարքարոտ կայծեր է արձակում:

Քառակուսիներ և անկյուններ
Շենքեր վիթխարի, շենքեր վիթխարի,
Շենքեր վիթխարի:
Քառակուսիների շարքեր, քառակուսիներ, քառակուսիներ,
Շենքեր վիթխարի,
Եվ մարդկանց հոգիները՝ քառակուսիներ, մտքերը՝ շարքեր:
Եվ սուրանկյուն թիկունքներ:
Եվ ահա՝ երեկ ես արտասուք թափեցի,
Աստվա՛ծ իմ, քառակուսի…


 
Ես կքնեմ
Նվիրիր ինձ, ծծմա՛յր, գլխաշորը ցողի,
երիտասարդ ձեռքերը խոտի և ատամները ծաղիկների,
քնքուշ մամուռը փափկացրու ներքնակի համար,
տուր ինձ հողե սավաններ:

Օրորիր դու ինձ, սիրելի՛ իմ դայակ…
իմ գլխավերևում վառի՛ր լույսը.
աստղաբույլերից որն ուզում ես՝ վերցրու,
բայց խոնարհիր նրան վար:

Ես մենակ կմնամ… Լսում ե՞ս. հասունանում են  տերևները,
և ձեռքը, որ օրորում է քեզ, այնպես թեթև է
երկինքներում, և սրընթաց անցնում են թռչունները,

որ մոռանաս դու… Շնորհակալություն:
մի խնդրանք միայն. երբ նորից զանգի
դու ասա նրան՝ ես ուղղակի դուրս եմ եկել…

Հանդիպում
Տեսդաշտիցս կորցնելով քեզ՝
նորից հանդիպեցի
Ֆլորիդայի մայրուղու անկյունում
և, ձեռնոցներս տրորելով ձեռքերումս,
դիմեցի քմծիծաղով.
(որքան ցրված, որքան մռայլ էիր դու)
և հարցրեցի. <<Ասացեք ինձ խնդրեմ,
ինչու՞ ես ձեր ատամները դեղին>>:

Դու նայեցիր լուռ կշտամբանքով,
և շրջվեցիր՝ ձեռքով պատահաբար
անծանոթ կնոջ դիպչելով…

Իսկ հետո քաղաքի թոհուբոհում
ես ճանապարհեցի քո վերարկուն,
գլխարկը… հետքը… կետը… ոչինչ…


 
Երկու բառ
Դու գիշերն ինձ երկու բառ շշնջացիր.
Մաշված, սովորական, հասարակ,
Հոգնած նրանից, որ արտասանում են իրենց,
Հնամենի, դրանից էլ նախաստեղծ:

Երկու բառ այնպիսի քնքշությամբ, որ լուսինը,
Ճյուղերի արանքից հոսելով, իմ կոկորդում մնաց:
Եվ ես չեմ շարժվի.
Այնքան քնքուշ էին այդ երկու բառերը,
Որ ես չեմ շարժվի նույնիսկ՝
Դեն գցելու պարանոցիս
Քայլող մրջյունին:

Այնքան քնքուշ երկու բառ, որ ակամա
Բացականչում եմ. <<Օ՜, ինչ գեղեցիկ է կյանքը>>,
Այնքան հեզ ու քնքուշ,
անուշաբույր յուղերի պես, որոնցով մարմինն են օծում:

Այնքան նուրբ ու քնքուշ, որ մկրատի պես,
Դեպի երկինք եմ մեկնում մատներս:

Օ՜, այս դողացող մատները,
Նրանք ուզում են կտրարտել աստղերը:



Հետգրություն
…Ալֆոնսիա Սթորնին տառապելով անբուժելի հիվանդությունից, ինքնասպանություն է գործում:
            Նա հեռացավ կյանքի ու մահվան լինելիության-մարդ-Աստված՝ ամեն օր նեղացող եռանկյունուց…
Ինչ որ մի տեղ աղմկում էին ծովի ալիքները, ու երբ ավելի դժվար դարձավ ամեն ինչ, նա գնաց ծովի հետ հանդիպման և չվերադարձավ…
<<…դու ասա նրան՝ ես ուղղակի դուրս եմ եկել…>>:  

Թարգմանությունը և հետգրությունը՝ Նաիրա Համբարձումյանի