մարինե պետրոսյան / marine petrossian


բանաստեղծություններ ատրճանակը կրակեց գրքից















ԻՆՉԸ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՌՋԵՎՈՒՄ Ա

Ես գնում եմ առա՛ջ,
կրակի՛ իմ վրա, ոստիկան:

Կամ էլ մի՛ կրակի, ոնց ուզում ես:

Ես չե՛մ կանգնելու, չե՛մ դառնալու հետ,
իզո՛ւր ես սուլում, ոստիկան:

Քեզ ո՞վ էր ասում ոստիկան դառնայիր,
որ հիմա ընկել ես կրակը:

Ինչը որ սիրո՛ւմ եմ առջևում ա,
ետ չե՛մ դառնալու,
կրակի՛ իմ վրա, ոստիկան:


ՆՎԻՐՎՈՒՄ Ա 2008-Ի ՇԱՐԺՄԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

քեզ դպրոցում
սխալ են ասել
թե ժամանակը
սլաք ա
թե ժամանակը
սլանում ա
անցյալից
դեպի ապագա

իրականում ժամանակը
զիգզագ ա
ու անցյալը անվերջ
վերադառնում ա
անցյալը անհամբեր
սպասում ա
որ դու իրան
փոխես


ՁՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

էս անձրևը մեկի ուրախությունն ա
որ թափվում ա իմ վրա կատաղի
ասում ա մոռացի մոռացի դարդերդ
մոռացի գործերդ մոռացի հիմարներին
իրանք էնքան շատ են դու իրանց բոլորին
չես կարա մեկ ա չես կարա ուղարկես գրողի ծոցը
ասում ա մոռացի մոռացի ամեն ինչ ինձանից բացի
ես ձրի եմ ասում ա
ուրախությունը միշտ ա ձրի
ես ջրերն եմ որ կային էն ժամանակ երբ որ ուրիշ ոչ մի բան չկար
մնացած ամեն ինչ ինձանից հետո եղավ
մնացած ամեն ինչ կարող ա նորից չքվի ու վերանա
իսկ ես էն եմ ինչը չի վրանա երբեք
ես ջրերն եմ որ փայլում են արևի տակ աննպատակ
ես ջրերն եմ որ թափվում են երկնքից աննպատակ
ես քո հայրենիքն եմ ասում ա անձրևը
դու ինձանից ես ծնվել


ԼԱՑ ՉԼԻՆԵՍ

մի հատ տեղ կա
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ուղղակի անձրև ա գալիս ամբողջ ճանապարհին
և դու կարող ա չդիմանաս
կարող ա հոգնես, պառկես թաց խոտրի մեջ ու մեռնես
բայց դու մի մեռի
ես քեզ հաստատ հաստատ եմ ասում
կա ետ տեղը
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ես եղել եմ


ՍԻՐՈՒՆ ԴԱՆԱԿՆԵՐ

սիրուն ծաղիկ
աճեցիր մեջս
ցողուն տվեցիր
հիմա բացել ես թերթեիկներդ՝
սիրուն դանակներ

բա հիմա ես ո՞նց շնչեմ
հենց շնչեցի
արյուն եմ դառնալու
ոտից գլուխ


ԴՈՒ ԻՄ ՀԵՌԱՎՈՐՆ ԵՍ

էսօր երազումս քեզ եմ տեսել
չեմ հիշում ինչ էիր անում
բայց ի՞նչ կարևոր ա
կարևորը
հիմա նստել նայում ես համակարգչիս էկրանին
ու զգում եմ
ոնց են սենյակիս բոլոր առարկաները
ձգվել
բարձրացել թաթերիս վրա
ու նայում են իմ հետ նույն ուղղությամբ

սիրիր մեձավորդ ոնց որ քո անձը
ասում էր ջրերի վրա քայլողը
դու իմ մերձավորը չես
դու իմ հեռավորն ես
բայց ես սիրում եմ քեզ
ոնց որ իմ անձը


ՍԵՎ ԽՈՌՈՉՆԵՐ

դու շատ տարօրինակ արարած ես
ու ես գիտեմ ինչու եմ քո հետ ինձ էսքան լավ զգում
հենց դրա համար
որովհետև դու տարօրինակ անհասկանալի արարած ես
քո մեջ սև խոռոչներ կան
ու ես էս սև խոռոչների մեջ լցնում եմ ինչ սիրտս ուզի
լցնում եմ էն ինչը ռիսկ չէի անի ուրիշ տեղ լցնեի
դրա համար էլ դու իմ երջանկության տարածքն ես
ու իմ երջանկությունը քո հետ
նման ա մի քանի օրական տկլոր երեխայի
ինքը անպաշտպան ա ոնց որ
ամենաթանկը էս կյանքում
բայց իմն ա լրիվ
ես եմ իրան ծնել
քեզանից


ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ՈՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

տուր ձեռքդ
բայց չխոսես
ես սիրում եմ էս անձրևը
սիրում եմ էս փողոցը որի վրա գալիս ա էս անձրևը
էս նեղ կեղտոտ, մանկության պես սրտառուչ փողոցը
էս անծանոթին եմ սիրում որ կուչ ա եկել դիմացի մուտքում
փաթաթվել ա իրանից մեծ շորերի մեջ
ու ինչ որ հիմար երգ ա երգում քթի տակ
ինչքան տենց մարդիկ կան աշխարհում
անձրևի տակ մրսող
արևի տակ խաշվող
կամ իրանց տանը կուչ եկած
ես իրանց բոլորին սիրում եմ որովհետև սիրում եմ էս աշխարհը
տուր ձեռքդ
բայց չխոսես
դու հենց խոսում ես ամեն ինչ փչացնում ես
դու հենց խոսես ես էլ չեմ կարողանա ապրել
էս անձրևոտ էս թաց աշխարհում


ԱՄԵՆ ԻՆՉ ԷՍ ԱՆԳԱՄ Ա ՈՒ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

ես երեխա չեմ արդեն վաղուց
բայց ձեռքս դողում ա
քոնն էլ ա դողում
որովհետև աշխարհը վերջանում ա էս գիշեր
ու ես դա գիտեմ
դրա համար էլ ձեռքս դողում ա
քոնն էլ ա դողում
դրա համար էլ ամեն ինչ թեք ա
ամեն ինչ օրորվում ա
ամեն ինչ էս անգամ ա ու վերջին անգամ
վաղը չեն լինի ոչ մարդիկ ոչ երկինքը
մենակ փողոցը կլինի անվերջ որով դու հեռանում ես
և ուրիշ ոչինչ


ԳԱՐՈՒՆ ԷՐ ԱՄԱՌ ԷՐ

գարուն էր ամառ էր հետո նորից գարուն
անձրև էր գալիս հետո ձյուն հետո նորից հալվում էր
լիքը բան կար որ լինելու էր բայց չեղավ
ու չի լինի արդեն երբեք

ձնծաղիկը ընդամենը մի գարուն ա ապրում
ես ինչքան գարուններ թողեցի անցյալում ու անցա
բայց արևը ժպտում ա կարծես բան չի պատահել
ու ոչ ոք ոչ ոք չի կորել
անվերադարձ

ձմեռ ա ցուրտ ա բայց ես վառարան ունեմ
ու գիտեմ որ շուտով գարուն ա գալու
որ մրսում էիր ու գիտեիր որ էլ չի գա գարունը
առավոտրից քեզ եմ հիշել ու թե ոնց էր քո մարմինը ցավում
առավոտից քեզ եմ հիշել ու հեկեկում եմ, մամա


ԿԱԿԱԶԵԼՈՎ

քիչ էր խոսում
ու խոսելիս էլ
կակազում էր

ես էլ մեծ չէի
բայց ինքն ավելի պուճուր էր
երևի
երկրորդ դասարան

ամեն առավոտ
գալիս
լուռ կանգնում էր
մեր դռան կողքը
սպասում էր
դուրս գայի խաղայինք

մեր քաղաքից չէր
ամառով հյուր էր եկել
մեր կողմերը

հենց մեր բակում էլ
մեքենայի տակ ընկավ
մի իրիկուն

ամեն անգամ
երբ մեկը
երանելի երանելի ժպիտով
խոսում ա աստծո մեծությունից
որի առաջ
պետք ա խոնարհվել

ես հիշում եմ
առաջին ընկերուհուս
փոքրիկ մարմինը
ճխլված

ու լռում եմ





















Комментариев нет: