հովհաննես գրիգորյան / hovhannes grigoryan

բանաստեղծ հովհաննես գրիգորյանը՝ աջից
և գրաքննադատ հասմիկ խեչիկյանը՝ ձախից

 

 

 

 

 

 

 

բանաստեղծություններ հրեշտակներ մանկության երկնքից և կես ժամանակ գրքերից

  

ԳԵՐՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՆԱՑ ԳԱՂՈՒԹՈՒՄ


Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու
լավագույն ժամանակը:

Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին
գույնզույն լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ, խաբեբաներ…
Մի խոսքով, սովորական կանայք,
որոնց կարելի է հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում, տոնավաճառներում,
և հատկապես, ընտանեկան հաճելի մթնոլորտում`
շրջապատված հարազատներով, մտերիմներով...
Ոևորված խոսում էի անկախությունից, ազատությունից,
բազմակուսակցությունից և հարաբերություններից միջազգային:
Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ`
սիրային բանաստեղծություններ կարդալ:

Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես
բաժանման բանաստեղծություններ կարդալու լավագույն ժամանակը:

Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ
և կարդացի մեր կարճատև հանդիպման
և երկարատև բաժանման, այս հեռավոր աշնան մասին,
երբ անցար իմ կողքով ինչ-որ մեկի հետ
և նույնիսկ չնայեցիր ինձ:
Այն մասին, թե ինչպես էի տառապում այն աշնանը, երբ ծառերը
սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես հանված
թեթև հագնված խորացա ձյուն ու ձմեռվա մեջ
և այլևս չվերադարձա…
Հուզմունքից խզված ձայնով կարդում էի,
և արցունքները գետի պես հոսում էին աչքերիցս,
և հանկարծ նկատեցի,
որ լալիս են բոլորը, առանց ամաչելու,
բարձր, ձայնը գլուխները գցցած,
 գույնզույն լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ, խաբեբաներ…
Սովորական կանայք, որոնց, արդեն գիտեք`
որտեղ կարելի է հանդիպել…

Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը լգուխը գցած լաց լինելու լավագույն ժամանակը:


***


Ահա մի պատմություն որը չի կրկնվում
մեկից ավելի անգամներ:
Եղևնին որը պիտի զարդարենք դեռ աճում է
անտառում:
Ուրախության համար կան բազմաթիվ պատճառներ,
ահա օրը բացվեց,
ահա ամպերը քսվեցին արևի երեսին...
Եղևնին, որը պիտի զարդարենք
իր ծննդյան օրն է նշում հիմա
հեռու հեռավոր անտառում:
Իսկ տխրության համար ևս կան բազմաթիվ պատճառներ,
ահա, օրը բացվեց,
ահա, ամպերը քսվեցին արևի երեսին...
Եվ միայն կյանքը, որ չի կրկնվում երբեք
մեկից ավելի անգամներ՝
ահա, կանգնած է միայնակ
և շողշողում է
ուրախ ու տխուր պատճառներով
զարդարուն:

ԿԳԱ ՕՐԸ

Եվ հին սերը կարող է
ծաղկել հանկարծ
կակտուսի նման:
Եվ հին նկարը կարող է
խոսել քեզ հետ
հասկանալի լեզվով:
Եվ ջահել մայրը կարող է
բացել դուռը
ծերացած որդու առաջ
և խունացած երկինքը
լցնել
հրեշտակներով...


ՄԻԼԵՆԻՈՒՄ

Անցյալը-ավարտված գերեզմանոց,
ուր հայացքներն են թափառում,
իսկ աչքերը փակվել են վաղուց,
ձայների անտառ, տոնածառի նման գունագեղ հեքիաթներ,
բենգալյան կրակներով լուսավորված ներսից,
խնամված ու մշակված գազոնները առասպելների՝
արյունով ու արցունքով լղոզված գեղեցիկ պատմություններ,
որոնց երեխաները սերտում են դպրոցում,
իսկ մեծահասակները
աֆորիզմներով ու իմաստուն նախադասություններով հագեցած
ներկայացումներ են սարքում բեմերի վրա՝ կենդանի մարդկանց հագցնելով
հանգուցյալների շորերը և ստիպելով նրանց խոսել այնպես,
ինչպես ժամանակներ առաջ,
հին մարդիկ,
որոնք լարված տիկնիկների նման նույն խոսքերն են
կրկնում և նույն շարժումներն են անում հին գրքերի մեջ,
ահա, փոքրիկ ցնցում և ափից դանդաղ պոկվում է ձեր նավը
և գնալով խլանում են փողային նվագախմբի հնչյունները 
ուժգնացող քամու պորթկումների մեջ:
Քամին 
տեղ է ազատում
նոր գերեզմանոցի համար:

Комментариев нет: