ռոբերտ մուզիլ / robert musil

հատված օրագրից



1898թ.
Թերթոններ մսյո Վիվիսեկտորի գիշերատետրից


Ես ապրում եմ բևերային տեղանքում, որովհետև հենց մոտենում եմ պատուհանիս, տեսնում եմ միայն սպիտակ, խաղաղավետ տարածություններ, որոնք գիշերվան իբրև բարձրահարթակ են ծառայում: Իմ շուրջբոլորը օրգանական մեկուսացում է, կարծես ծածկված լինեմ 100 մետր հաստության սառցե պատյանի ներքո: Այդ ծածկի տակ խորը թաղվածի աչքերի առաջ բացվում է մի յուրահատուկ հեռաստան, որը միայն նա գիտի, ով 100 մետրանոց սառցապատ է վեր խոյացրել իր աչքի առաջ:
Դա այսպիսի տեսք ունի, եթե նայում ես ներսից դեպի դուրս: Իսկ դրսից դեպի նե՞րս: Ես մտաբերում եմ մի մոծակի, որին մեկ անգամ տեսել եմ լեռնային բյուրեղի բեկորի մեջ զմռսված: Մի ինչ-որ գեղագիտական նախապաշարմունքի արդյունքում, որը ես դեռ առիթը չեմ ունեցել ենթարկեցնելու բանախոհական քննության, մոծակներն ինձ համար այնպիսի մի բան են, որ վիրավորում են իմ, այսպես ասենք՝ գեղեցկության զգացողությունը: Բոլորովին այլ բան էր բյուրեղապակու մեջ ներփակված այն մոծակը: Շնորհիվ օտար միջավայրում իր ամփոփվածության՝ նա կորցրել էր իրեն մասնահատուկ, այսպես կոչված՝ մոծակին հատկանշականը, և ինձ մի տեսակ սև բիծ թվաց՝ նրբանուրբ զարդանաշխերում զետեղված: Ես հիշում եմ, որ նույն զգացողությամբ եմ համակվել այն մարդկանց հանդեպ, որոնք, որոշ երեկոների, ցերեկային լույսից հոգնած իմ երևակայությանը ներկայանում էին սև կետերի տեսքով, որ շարժվում էին կանաչապատ թմբերի վրայով՝ նարնջադեղին երկնքի հենապատին: Այն զգացողությունը, որ եթե այդ կերպարանքներն ինձ՝ իբրև որոշակի մասնահատկությունների ամբողջականություն, մոտիկից պատկերանային, վստահաբար կխրտնեցնեյին ինձ, սակայն հեռավորության վրա իմ մեջ գեղագիտական բավականություն արթնացրեցին՝ համակրանքի պես մի զգացում ոգեկոչելով:

Հիմա էլ ես նայում եմ դրսից դեպի ներս և, վերջնարդյունքում, այդ դրսից դեպի ներս և ներսից դեպի դուրս հայացք նետելու միագումարն ինձ փիլիսոփայի հայեցողական խաղաղությունն է պարգևում:

Ես այսօր հանկարծ, առաջին անգամը լինելով, <<ընկալեցի>> իմ սենյակը, հայտնագործեցի ոճական մղձավանջների այդ զարհուրելի խառնակույտը,որպես մի ինչ-որ ամբողջականություն, գունավոր հարթությունների մի համադրություն, որն օրգանապես միավորված էր դրսում սփռված այդ սարցանիստ գիշերվա հետ, ինչի շնորհիվ ձյունածածկ տանիքների գլծավերևում հառնող այս միջին-եվրոպական հունվարյան գիշերը ներկայանում է ինձ իբրև մի բևեռային տեսարան, մի վիթխարահսկա սարցանիստ գերեզմանաթումբ, որի մեջ խաղաղավետ թալկությամբ, իմ ներքին հայացքն է բեկվում: Բնապաշտության պես մի բան՝ բնախոսական ծագումնաբանությամբ: Ես ցանկանում եմ օրագիր գրել և այն, որպես երաշխիքի նշան, կանվանեմ գիշերատետր,և միայն այնժամ ես լուծված կնկատեմ այդ խնդիրը, երբ զգամ, որ ոչ մի դրսեկ բառ կամ հնչյուն չի խաթարում իմ ներկա զգացողության սքանչելի միասնականության ճախրը:

Գիշերատե՛տր: Ես սիրում եմ գիշերատետրը, քանի որ այն քողացերծ է, ցերեկները նյարդերը բզկտվում են՝ կուրանալու աստիճան, սակայն գիշերը, երբ կարծես գիշատիչ գազաններն իրենց մահացու ճիրանների մեջ ակցանում են կոկորդդ, այդժամ նյարդերի կյանքը հանգիստ է առնում ցերեկային թմբիրից՝ բացվելով դեպի ներս,և մարդս նորովի է զգում ինքն իրեն, այդժամ մութ սենյակում մոմը ձեռքիդ մոտենում ես հայելուն, որն օրվա ընթացքում ուրիշ ոչ մի հատիկ ճառագայթ չի ընդունել և հիմա ագահորեն իր մեջ է ներծծում ՝ վերադարձնելով քեզ քո դեմքը:

Գիշատիչ գազանները՝ մահացու ճանկերով: Հնում կային արքաներ, որ հովազներ էին լծում իրենց մարտակառքին և, թերևս, նրանց մեծագույն հաճույք էր պատճառում այն, որ ամեն վայրկյան կարող էր հավասարակշռությունը խախտվել ու իրեն, օդաճախր սահումներով,գիշատիչների կողմից պատառոտվելու վտանգին ենթարկվեին:

Վերջերս ինձ համար մի շատ սիրուն անուն հայտնաբերեցի, մսյո Վիվիսեկտոր*:

Բնականաբար, դա միշտ էլ կեցավծք է, երբ մեկն իր համար մի այդպիսի գեղեցկահունչ անուն է հորինում, սակայն, ծանրագույն հյուծվածության պահերին, գերհոգնածությունից անտրամադիր դարձած, մարդս զգում է դրա կարիքը՝ նրա օգնությամբ ուղղվելու, մեն-միակ բառի մեջ դրոշմելու բոլոր այն գշխավորագույն դրդիչները, որոնք առաջներում իրեն ուժ, կենսասիրություն ու ձգտում էին հաղորդել: Դրանում ամոթալի ոչինչ չկա: Մսյո Վիվիսեկտոր. այդ ե՛ս եմ:

Իմ կյանքը՝ Արկածները ու մոլորությունները հոգիների վիվիսեկտորի՝ քսաններորդ դարասկզբին:

Ի՞նչ է մյսո Վիվիսեկտորը: Գուցե ապագա ուղեղի մարդու տեսա՞կը, գուցե: Միայն թե յուրաքանչյուր բառ այնքան շատ կողմնակի իմաստ, կրկնակի իմաստ, կողմնակի զգացողություն, կրկնակի զգացողություն ունի, որ ավելի լավ է բառերից հեռու մնանք:

Ես մոտենում եմ պատուհանին, որպեսզի նյարդերս վերստին իրենց մեջ ներծծեն մենության սարսափազդու բարեբաստությունը:

100 մետր հաստության սարցաշերտ: Ոչի՛նչ չի թափանցում այստեղ օրվա ամենաբազմազան ազդակներից, որ ծագում ու մայր են մտնում արեգակի հետ, քանզի մեզ ոչ ոք այլևս այստեղ չի տեսնում: Օ՜, գիշերը միայն քնելուն չի ծառայում, գիշերը կարևորագույն դեր է ծառայում կյանքի հոգեբանական տնտեսվարման գործում:

Ցերեկները մեզանից ամեն մեկը պարոն Ա-ն է կամ պարողն Բ-ն, այս կամ այն հասարակության անդամ, այն կամ այն պարտավորություններով ծանրաբեռնված, մենք հարկադրաված ենք ապրելու այն ալտրուիստական օրենքներով, որ մեր բանախոհությունն է ճանաչում: Գիշերը, սակայն, երբ մեր հետևից փակում ենք ծանրածանր դուռը,բոլոր տեսակի ալտրուիզմները թողնում ենք դրսում,- նրանք այլևս ոչ մի դրակատարություն չունեն,- և մեր անհատականության մյուս երեսն է մտնում իր իրավունքների մեջ, եսասեր անձնապաստանությունը: Այդ ժամին ես սիրում եմ կանգնել պատուհանի առջև: Հեռվում ինչ-որ տեղ մի սևաթույր, գերկարծր ստվեր է տնկված, որի մասին ես լոկ այն գիտեմ, որ պարտեզներից անդին, տնակների շարքերի առջևով ձգվող մի փողոց է: Այս ու այնտեղ, մեկու մեջ դեղին քառակուսիներ են պսպղում՝
ինչ-որ կացարանի լուսամուտներ: Դա այն ժամն է, երբ մարդիկ վերադառնում են թատրոնից  կամ պանդոկներից: Ես տեսնում եմ նրանց ստվերագծերը՝ որպես դեղին քառակուսիների առջև վետվետացող սև շերտագծեր, տեսնում եմ, թե ինչպես են նրանք հասնում անհարմար թատերական հանդերձանքը և կարծես կամաց-կամաց իրենք իրենց վերդառնում: Կյանքը ծավալվում է նրանց համար՝ շնորհիվ բազմապիսի մտերմիկ, միջանձնական հարաբերությունների, որ իրենց դերի մեջ են մտնում: Սենյակներում, որ հաճախ մունջ վկան են եղել նրանց մենության, ծվարել է գայթակղությունը՝ իրենց ազատություն տալու, մոռանալու օրվա պարտականությունները:

Մեկը մյուսի հետևից քնից արթնանում են ամենատարբեր հույզերը. ահա՛, ոմանց պարագայում դրանք կարող են ամենապարզ բնազդներն ու հոգևոր ազդակները լինել, մյուսների դեպքում՝ տանը գտնվելու հանգստավետության զգացումը կամ էլ՝ էժանագին գինու պարգևած զգայական հաճույքը:

Ինձ համար կատարյալ երանություն է ինքս ինձ հետ մենակ մնալ, մեն-մենակ: Պատեհությունը՝ թերթելու ոչ այնքան հետաքրքիր պատմությունը մսյո Վիվիսեկտորի, առանց դույզն-ինչ պարտադրվածության՝ այստեղ վրդովվելու, այնտեղ՝ սքանչանալու, պատեհությունը՝ լիել ինքդ քո անձնական պատմագիրը կամ գիտնական մեկը, որ մանրադիտակի տակ ուսումնասիրում է սեփական օրգանիզմն ու ուրախանում՝ յուրաքանչյուր նոր հայտնագործության առթիվ: Հարկ է ասել, որ այս մի եզակի դեպքում այստեղ որևէ կեցվածք չկա: Պարզապես ինքդ քեզ ես ընկերակցում:



*-Բառացի լատիներեն վերծանություն է՝ կենդանիների նկատմամբ հետազոտական տպատակներով բժշկական միջամտություն իրականացնող անձ: Իրականության կազմախոսական րոհման, հոգեմտավոր պառակտման իր մեթոդը Մուզիլը բնորոշում է Vivisecteur հասկացությամբ, որպես իրականության կազմալուծման և նարի հորինաստեղծման հոգեբանական հերձման փորձ: Հոգիներն անդամահատող՝ առանձնացած ու ինքնաբավ հետազոտողի գործողությունը Մուզիլի ստեղծագործության կենտրոնական թեման է:


թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի

Комментариев нет: