dylan thomas / դիլըն թոմաս






ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՄԻՆ


Հատկապես երբ հոկտեմբերյան քամին
Պատժում է մազերս եղյամ-մատներով,
Իսկ ես, բռնկված արևից այրող,
Կամ թռչունների ձայնին ունկնդիր՝
Գետնին խեցգետնի ստվեր եմ գցում,
Լսում ագռավի հազը շիվերից,
Ժայթքում է այդժամ դողացող սիրտս
Վանկային արյուն ու ձայնն այդ ծծում:

Փակված բառերի աշտարակի մեջ
Ես նշմարում եմ ծառերի նման
Բառերի տեսքով զբոսնող կանանց
Ու մանուկների շարքը աստղաշարժ:
Ես ձեզ կարարեմ ձայնեղ հաճարից,
Կաղնու սոսափից, երգեր կհանեմ
Փշենիների արմատից ամեն,-
Ու կարարեմ ձեզ ջրերի ճառից:

Հիմա ձարխոտի խանդակից անդին
Ժամացույցն օրվա բառն է հաղորդում,
Նյարդի խորհուրդը հողմացույցի հետ
Լուռ օրորվում է սկավառակ-ճոճքին:
Ես ձեզ կարարեմ գրերից մարգի,
Նշագիր խոտից, որ նենգ ձմռան հետ
Աչքերի միջով կոտրվելու է.-
Ես ձեզ կարարեմ մեղքից ագռավի:

Հատկապես երբ հոկտեմբերյան քամին
(Ես ձեզ կարարեմ աշնան հմայքից.
Լեզվակից մորմի, Ուելսի սարերից)
Շաղգամ-բռունցքով պատժում է գետինն,
Ես ձեզ կարարեմ անսիրտ տառերից
(Ուժասպառ մի սիրտ, որ քիմիական արյան
Վազվզուքի մեջ կռահեց զայրույթ)
Ու կարարեմ ձեզ թռչնի բառերից:

ԹԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ


Թակելուց առաջ և նախքան մարմինը կասեր՝ ներս արի,
Երբ հեղուկ ձեռքերը թփթփացրին արգանդը դրսից,
Ես, որ շարունակ անձև էի հանց ջրերը բարի,
Որ ձև տվեցին Հորդանան գետին՝ իմ տանը դրկից-
Մնեթայի դստեր եղբայրն եմ եղել մի հազար տարի,
Եվ հանց քույրը մի հերացու որդի՝ չեմ իջել գրկից:

Ես, որ խուլ էի գարնան ու ամռան ձայնին բովանդակ,
Եվ չգիտեի արև ու լուսին իրենց անունով,
Հանկարծ զգացի ահեղ թրմփոց մարմնիս զրահի տակ,
«Որ» դեռ հալած վիճակում էր և չէր դարձել «ով»:
Կապարե աստղերն ու մուրճն անձրևոտ
Ճոճք էին բռնել հայրիկիս կողքին՝ գմբեթից իր տաք:

Շատ լավ գիտեի ես այս դաժան ձմռան ուղերձը,
Կարկուտը խոցված և ձյունը՝ մանկան դող.
Եվ քամիներն էին իմ քույր հանդերձը.
Ցատկեց հողմն իմ մեջ հանց դժոխածին ցող.
Տաք արևից հոսեց արյունս՝ շնչահեղձը:
Չծնված՝ ճանաչում էի արդեն գիշեր ու զօր:

Տակավին չարարված՝ տառապեցի ահագին,
Երազներիս մսուրը՝ ոսկորներս շուշան,
Շրջվելով դարձան մի կենդանի գաղտնագիր,
Ու ձևվեց մարմինս՝ հատնելու այդժամ
Լյարդի կախաղան-խաչերը, հանց գիր,
Ու քամված ուղեղի ծալքը մոշանման:

Կոկորդս ճանաչում էր ծարավ դեռ նախքան
Մաշկի ու երակի կառույցը ջրհորի շուրջ
Որտեղ բառերն ու ջուրը դառնում են միախառն-
Հաստատուն, մինչև արյունը դառնում է ստերջ.
Սիրտս ճանաչեց սեր, որովայնս՝ սով մի դառն.
Հոտոտեցի. որդ էր իմ կղկղանքի մեջ:

Ժամանակը քշեց իմ գոյը մահկանացության՝
Լողալու կամ խեղդվելու ծովերում պարապ.
Արդեն ծանոթ էի ես մակընթացության
Աղի արկածի հետ, որը չէր հասնում ափ.
Ես, որ հարուստ էի, ավելի հարստացա՝
Ըմբոշխնելով օրերի ողկույզն անարատ:

Ես, ծնված մարմնից և ուրվականից,
Ոչ այս էի, ոչ այն, այլ տեսիլ մահկանացու.
Մահվան փետուրն ինձ հանկարծակի գետնեց:
Մահկանացու էի մինչև մահացու
Շունչը այն վերջին, որ հորս մատնեց
Ուղերձն իր մահացող քրիստոս աստծու:

Դուք որ պաշտում եք խաչ ու զոհասեղան ամեն պահ
Հիշեք ինձ, և Նրա՛ն խղճացեք ամեն օր-
Ով միսուարյունս իր համար դարձրեց զրահ
Եվ անգթորեն խաբեց արգանդը իմ մոր:

ՔՍԱՆՉՈՐՍ ՏԱՐԻ


Քսանչորս տարին հիշեցնում է արցունքն իմ աչքերի:
(Թաղեք մեռյալներին. չլինի թե երկունքով քայլեն դեպ շիրիմ):
Բնական մուտքի մոտ, դերձակի նման կծկված,
Ճամփորդության համար պատանն էի կարում իմ՝
Լույսի ներքո մսակեր այս արևի:
Մեռնելու համար հագնված, զգայական քայլքն սկսած,
Կարմիր երակներս՝ փողով լի,- դեպի վերջը,
Դեպի վերջին ուղղությունը սկզբնական քաղաքի
Ընթանում եմ այնքան երկար, որքան հավերժը:

ՀԵՇՏ ՄԻ ԳՆԱ ԴԵՊԻ ԳԻՇԵՐՆ ԱՅԴ ԲԱՐԻ


Հեշտ մի գնա դեպի գիշերն այդ բարի.
Ծերությունը պետք է վառվի օրվա հետ.
Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի:

Իմաստունը մութն է սիրում աշխարհի,
Բայց քանի որ խոսքերն անզոր են հավետ,
Հեշտ չի գնում դեպի գիշերն այդ բարի:

Բարի մարդը կյանքն է հիշում քաջարի
Ու թողնելով ջահելությունն ընչավետ՝
Մոլեգնում է, որ այս լույսը չմարի:

Իսկ բռին, որ երգեց արև ու տարի,
Ուշ հասկացավ, որ կորչում է կյանքն անհետ,
Եվ չի գնում դեպի գիշերն այդ բարի:

Կույրն, զգալով շունչն անդորրի ու մահի,
Տեսավ հանկարծ մի նոր լույսի արահետ
Ու մոլեգնեց, որ այդ լույսը չմարի:

Եվ դու, հայր իմ, քո բարձունքից կատաղի
Լացով օրհնիր, անիծիր ինձ առհավետ.
Հեշտ մի գնա դեպի գիշերն այդ բարի,
Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի:
թարգմ.՝ Սամվել Մտկրտչյան 

Комментариев нет: