վահե արսեն / vahe arsen

















ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Ես կարող եմ
գրել սիրո մասին,
այսօր,
երբ ձյունը մատնում է
անտեսանելի էակներին,
երբ մետրոն մի պահ
արևին աչքով է անում և կրկին
մայր մտնում,
երբ զարդատուփի պարուհին դանդաղեցնում է
երազ-պտույտները,
և իրերն է արցունքով զննում,
ես կարող եմ գրել սիրո մասին:

Հիմա զբոսնում եմ, գիշերն էլ ինձ հետ,
սեփականացնում մայթի բոլոր լապտերները,
իսկ Արևը դաժան էր,
լապտերները` սառույց,
կներես,
այդ ես եմ`
Վահե Արսենը,
թիկունքովս թիակներիդ հենված,
կչքվեմ, թե շրջվես,
վրահաս փողոցի անկյունում,
<<Պալերմո>>-ից զեղչ-գնված կոշիկներով
տրոհվող բետոնին ամուր կանգնած,
կտրվող ծառերի հարևանությամբ
ես կարող եմ գրել սիրո մասին:

Քամին իր ուրվական երգն է երգում,
ընդհատվում ռադիոընդունիչի խզզոց-հազով,
և ամեն շշուկ համերգ է,
այլաբանություն,
անձրև,
հարյուր տարի անընդմեջ,
մաշկս մրսում է,
ուրվագծվում,
սրբիր ճակատիս քրտինքն ու
վերցրու քեզ հետ,
ես կարող եմ գրել սիրո մասին:
                                                        02.01.05թ.

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ես մարդ սպանեցի,
քրտնած,
ուղեղիս ամուր ամրացված ձեռքերով
ես բռնեցի նրա երակների առատությամբ ընգծաված կոկորդը
և ինձ Աստված զգացի մի պահ:

Ափսոսա՜նք...
Ափսոսա՞նք,
Ոչ...
Միայն ափսոսացի, որ հոգեգեշ չեմ,
ոչ էլ մարդակեր,
ափսոսացի
ինձ համար անպիտան այդ կույտը մսի ու արյան,
որ շարժվում էր, կառավարվում
իր գորշ զանգվածի հետ միասին:

Սպանեցի հանգիստ և խրոխտ՝
նյարդերս խնայելով:
Շոգ է...
                                              08.06.06թ.

ՁՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է

Ձյունը հաղթում է քաղաքին,
հիմա ամեն շարժում կատվային է,
զգույշ,
ձյունն աննակտ կանցնի մեր մեջ
բարության դեղնաթափ ծակոտկեներով,
մենք էլ... պարտված ենք
մեր ճերմակ քառակուսում,
որտեղից մի ձեռք հեռախոս է պարզել,
ասելով,
որ դեռ իմն ես,
այնտեղ՝
կյանքի մյուս ծայրում,
և դեռ հաղթում ես:

Քաղաքը քնում է իր սառցե միկրոճաքերի մեջ,
որ կծաղկեն՝ հենց արթնանան,
և ծաղկունքը ձյուն է:
                                       20.12.04թ.

ՇՈՏԼԱՆԴԱԿԱՆ ՎԻՍԿԻ

Անձայն հոսանքների անտես ոլորտներում,
գերիրական մայթերի ճաքճքած կճեպների կողքին,
ես փնտրում եմ հեքիաթային մի աշխարհ,
ուր ասպետական սաղվարտներ կան փողոցում թափված:

Ավաղ, իրականն անհայտ է,
ասես դեպուտատ անձեռնմխելի,
ոչ թե մահն է մարդասպանը,
այլ՝ գիտակցման գեթ մի պահը:

Ամենքիս նույն թեյն է սպասում մարդահամար-
խխունջի վերջում,
նույն բաժակում, նույն անհույս խտության,
նույն գույնի ու լուծվելու արագության:
Իսկ թե սո՞ւրճ ես ուզում,
խմիր այդ թեյը որպես սուրճ:

Արդյո՞ք մեռնողը պատրաստ է իրական արկածների
կեսկյանքը քնելուց հետո,
պատրաստ է քնքշանքի կոշիկ հագնել
ժամանակի ատամնաանիվներում կոփվելուց հետո,
պատրա՞ստ է ձմռանն անբաճկոն թափառել,
հոգու հյուլեները օտար են ցրտի համար:
Իսկ լքված քաղաքում անգամ ձյունը մերժեց իր
գահավիժումը
հանուն անտեսանելիի,
և տեսիլքը սեղմվեց անտարբերության բռունցքում
մինչև անէացում:

Եվ ի՞նչ էր ինձ պետք,
այս որովայնեղ անցումներից փախչելուց հետո,
նկուղ-բակում, շշի հատակում, միոտանի աթոռակին
նվազ-թիկնած կդատարկեմ սիրտս՝
հանց շոտլանդական վիսկի:
                                                               22.09.2002թ.

*
Նարկոմանները անմահանում են ամեն օր,
Իսկ մենք՝ միայն դեպից դեպք:

*
Կյանքը ամենամահացու հիվանդություն է:
Օրերս օրեցօր օրագրեր են դառնում:

*
Արևածագը միշտ հեռու է քաղաքից,
հիշո՞ւմ ես, թե ինչպես ամենը սկսվեց...
                                                                 31.08.05թ.
*
Ինքնասպան եղողը չի ձգտում երկնային կյանքի,
նա դրան չի հավատում:
                                                            23.01.07թ.
*
Աշխարհը գոյություն ունի,
քանի դեռ շնչում եմ:
                                                          10.02.07թ.