Օվիդիոսը Կոստանցայում
Տներն են ծովի մոտ սարքված խիտ
ալիքներն են գծվում ալեբախման
ճակատները թույլ նրանց երջանկության
օրն այս ու հաջորդները դեռ
մինչ իրենք իրենց ինքնիմացությամբ
ընկնեն նկարին իրենց:
Երևելի մի աքսորավայր
ուր մարդ ոչ հեռու պահակախմբից
կարող է պպզել ափին ու հուշանվերներ
դեպի ծովը նետել, տարեդարձ
հատուցում- իսկապես սիրելիին
երբ մարդ մեկի համար մահճակալ է
գնել ու դեղահաբեր:
Հետադարձ լուսամուտների
սկավառակների միջով ինչպես թույլ
լույս թափանցում է արձագանքը կյանքի
ու խճճվում գլխում
դեպի ծովն են սեղմվում
շերտավարագույրները
ճեղքի միջով հրելով
մի սկավառակից դեպի մյուսը:
Գաբրիելը Մարիամին
ուշադրությունս դանդաղ
հայացքս դեպի գիրքը ուղղեց
շարժում որովայնի մեջ
կարծես եկել էր նա ում սպասում էի
բացեցի պատուհանն
ու նայեցի աղեղին թռչունի
դաշտի վրա մշուշոտ
մինչ շեշտակի կանհետանար
ներքևում մի կետի վրա ցածրասահ
որտեղ մշուշն էր ճեղքվում
ու մի խուճապահար նապաստակ
մինչ ապագա չարչարանքները
այնպես կուրացավ լույսից
որ ես ձեռքերս
աչքերիս տարա
հովտաշուշանը բուրեց ներս
մինչ ես փեղկերը կփակեի
մեկը կա սենյակում
Գաբրիելը Մուհամեդին
կրկին գալիս է նա,
ով երջանկության կենտրոնում եղած օձերին է
հրում ետ
մի սոսափյուն է քարքարոտ գետնից
կանչում նրան
և մացառուտում մի մաշկ
գալիս է նա բարձրավանդակի ստորոտից
վազելով
բույրս փնտրելով
կոխկրտում է նա ներբաններով մերկ
տատասկափշերը քնքուշ մորթով
կուրացած մտքերով իր
ու ես պտտվում եմ հակառակ լույսին
ճանաչելու սառը լուսինը
նրա մատների եղունգների տակ
Մասադա
երբ դու կանգնած ես այնտեղ ուր խաղաղ է ու դու
գիտակցում ես երբ մտածողությունը դադարում է ու
լսողությունն է սկսվում երբ լսողությունը դադարում է
ու տեսողությունն է սկսվում երբ մի թռչուն է
թռչում երբ դու ասես մի սև թռչուն ճախրում ես
ու աղաղակում երբ դու սկսում ես խոսել
օդում ջինջ ու ոչնչից խոսել չես կարողանում
բացի լույսից, այնպես ասես դա առաջին
լույսն է, երբ դու ստվեր ես նետում ժայռին
ու ասում` իմ ստվերը մնում է
ու երբ ժայռը մնում է, այժմ հաստատ է ,
որ լավ է ամբողջ խաղագումարը վտանգել
ու անապատը անունով կոչել կարողանալ
Սրբապատկեր
Դանիլոյի դեմքը տխուր ինչպես երրորդ անգամ
ոչնչանալու է նրա ձեռքի աշխատանքը չգիտեմ
ինչ խորհուրդ տամ ես նրան գնիր քեզ մի կատու Դանիլո
դու ոչինչ չես ունենա և չես կորցնի ոչինչ
առ քեզ օղի ու կովիդ ճակատին մի խաչ նկարիր,
այդ դեպքում նա քեզ կտա կաթ առավոտյան,
կաթ երեկոյան եւ մաշկդ սպիտակ կլինի
ու դու կկարողանաս առանց շորերի քայլել ձյուներով
բայց ամենալավն այն է որ դու ոչինչ էլ չես անում
դեմքդ ես կրում ինչպես մարդը որ
միայն մեկ հատ ունի տեսա քեզ Դանիլո
մի սրբապատկերի վրա Կալուշի արվարձանում
գիտեմ որ ունես թևեր ու համարձակվում ես հրեշտակների հետ
հանուն երեխաներիդ հաջողության խաղեր խաղալ
երբ նրանք քեզ մի գեղեցիկ դեմք են ուզում ներշնչել
կանգնում ու գնում ես սրբապատկերը քո տրտմության
Գերմաներենից թարգմանեց ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ