Ու թե հաջողվի փախչել
ինձ հետապնդող ժամանակի վազքից,
կգնամ բանաստեղծություն հավաքելու
այնտեղ, ուր ծառերը ծաղկել
ու ինձ են սպասում…
(այսքան շատ բանաստեղծությո՜ւն…)
***
Այսօրս էլ սահեց,
ինչպես արձակած զգեստս
սահեց մարմինս ի վար…
մեկ օրով էլ մերկացա կյանքից…
***
Ուշ է՝ էլ չեմ սպասի…
հավաքեմ երազանքներով լեցուն սեղանս
ու երբ թափ տամ ճերմակ սփռոցս
երազանքներիս փշուրներից,
երկինքը կլցվի աստղերով…
Ուշ է, գիշեր է արդեն…
***
Իմ երազները ձեր տեսած
երազներից չեն.
ես փակ աչքով չեմ տեսնում նրանց
ու ոչ էլ պատմում եմ ջրին,
որ տանի…
* * *
Ինչ եղավ ինձ հե՞տ.
այդ իմ չգրված տողերը
սպանեցին ինձ մի օր…
* * *
Թող քայլեմ քեզ վրա, հո’ղ,
մի քիչ, մի բաժին կյանք,
չէ՞ որ դու երկար ես լինելու ինձ վրա…
* * *
Այնքան բան թափվեց իմ գլխին,
որ համրացել եմ,
բառերը լքել են ինձ
ու փակել բոլոր ելքերը հոգուս…
հիմա գիտեմ՝
ձկներն ինչու են համրացել.
ինչքա՛ն ջրեր են անցել նրանց գլխով…