նունե լևոնյան / nune levonyan


***
Ես և ծառը ծերանում ենք հավասարաչափ.
բայց ծառը դրանից ողբերգություն չի ապրում
և ամեն աշնանամուտին
բանաստեղծություն չի գրում տերևաթափի մասին:

Ես և ծառը ունենք ընդհանրություններ.
սիրում ենք պճնվել և գեղեցիկ լինել մահու չափ,
բայց ես թույլ չեմ տալիս,
որ պատահական մարդիկ
տապից հովանան իմ ստվերում:

Իմ ու ծառի միջև մի օր չի լինի ոչ մի էական 
                                                    տարբերություն.
Մենք պատվանդան կլինենք այլոց քայլերի և
                                                   արմատների համար.
Բայց առայժմ
Ծաղկում ենք միասին,
Շփվում հազվադեպ՝
Անտեղյակ միմիանց մտորումներին,
Աննկատ ու լուռ
Եվ չափազանց կանաչ:


***
Որքա՜ն հեշտ կլիներ քնել ծածկված մի երկնքով,
որը պաշարել ես ամբողջությամբ,
Քեզնով շրջափակված՝ որքա՜ն հեշտ կլիներ արթանալ,

եթե կասկածները լինեին քիչ,
ասել է թե ՝ մենք
մարդ չլինեինք բնավ...


***
Անունդ սահում է կողքովս՝
տարբեր իրերի վրայով,
նայում է աչքերիս՝ իբր իմիջիայլոց.

Ու մտաբերում եմ,
որ եղել ես,
իբր իմիջիայլոց՝ նայել ես աչքերիս,
և իրերը սահել են մեր կողքով:


***
մարդկանց դեմքերը որքան էլ տարբեր,
ու հագուստները խայտաբղետ են,
ամբոխի դեմքը մոխրագույն է միշտ
ու մի քիչ հոգնած...


***
Ես սիրում եմ լքել,
Որովհետև ինձ դուր է գալիս դռան շրխկոցը թիկունքիս ետևում:
Ու երբեմն հաճելի է զգալ քամու սառնությունը՝
Տնից բաժանող հազարավոր կիլոմետրերի վրա:

Քեզ սիրելը նման է թրև գալուն
Անիմանալի ինչ-որ խաչմերուկներում,
Ուր սպիտակ դրոշակները օրհնություն են թափահարում
Ցանկացած վերջաբանով ճանապարհի:

Ես այլևս չեմ վերադառնա այնտեղ,
Ուր վերադառնում են՝ դառնացած հանարավոր հեռուներից:
Եթե անգամ քնով են ընկել հարբած հրեշտակները՝
Դռներ կան, որ բացվում են միայն հեռանալիս:


***
Ամենադժվարը
կիրակի առավոտյան արթնանալն է
ներսումդ լռեցված աղաղակներից,
որոնք չեն հանդուրժում
լուսաբացի խաղաղությունը:


***
Վաղը ես կրկին անցնելու եմ այն փողոցներով,
Որտեղով դու կարող էիր անցնել պատահաբար:
Ու եթե պարտադիր չլիներ այս տխրությունը,
Կարելի էր և շնչահեղձ լինել երջանկությունից.

որ անձրևը շռնդալից թափվում է այդ բոլոր փողոցների վրա
և վայր դրված բոլոր զենքերի վրա
փառահեղորեն թափվում է անձրևը,
ու բանից պարզվում է՝
ընդհանրապես չկան բաժանումներ, միացումներ ու վերջակետեր,
կան միայն արահետներ ոլորապյույտ,
որ ոչ մի տեղ չեն տանում,
այլ միայն թրջվում ու ծաղկում են
գարնան օրերին:

Комментариев нет: