ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆԵՐԸ
Երրորդ խմբագրում
Ընկերոջս՝
Արցախյան
ազատամարտում զոհված,
Ազգային
լեգիոնի մարտիկ,
Արիության
մեդալի ասպետ
ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ - 1969-1990
Մենք հոգնել էինք
խոնավ
թղթերին լամպ նկարելուց
ու պատին ընկած ջահի ստվերը
բնական
լույսեր, արև կարծելուց:
ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ
1. Շարժում
Գիշերը ուշ էր,
քնելու փափուկ, մութը կրճատող հանգիստը չկար,
ու չէր կարճանում սևը երազի:
Գիշերը մեծ էր,
ստիպված, դժվար քայլեցինք չարի հոգնության միջով,
որ լույսը տեսնենք:
Ճամփեզրին մեր մեռնող որքերն են թափված:
2.Կնաչ
Խավարը ծով էր՝
անշարժությունն էր մեռյալ ջրերի:
Բաց առագաստներ...
Ճերմակ ճայերը՝
ամայության մեջ վերադարձի սույլ ու փրկող կռինչ,
փոթորիկ շարժող հողմերից առաջ քամիներ դարձան՝
փետուրների տակ մեծ չուն ճախրանքի.
լույս խեցիներ է ափ նետում ծովը՝ խավարը հոգնած:
Բաց առագաստներ...
Տաք բառերը մեր՝
լույսից էլ մաքուր, սպիտակ հագած,
մութի ծալքերով, շար-շար քայլեցին ցավի շերտերով.
համասփյուռ երթ է մերօրյա ու նոր առաքյալների:
Փրկած ծառերը՝
զուլալ արմատներ, ճյուղեր են ծաղկած՝
մեռյալ ջրերից և ծով խավարից վերձիգ ու ցցուն:
Բաց առագաստներ.
ճերմակ ճայերը տաք բառներն են մեր:
3.Սկիզբը
Փողոցը պիրկ էր,
պատրաստ ամեն մի դիպուկ հարձակման.
դռները բացվել՝ շրխկում էին կրնկի վրա:
Մայթերին աղոտ ոտնահետքերն են մեր քայլող ցավի:
Չարչարման տապը նախընթած ժամ էր ու ելք նոր օրվա,
ճամփա էր հարթում առջևից եկող մարդը սահմանված.
ասկետի քուրձ էր, ավազների սույլ, ձայնն անապատի,
ջրով էր օրհնվում: Իսկ լավագույնը խոսք էր ու կրակ,
որ գալիս էր ու բարակ թիկնոցով մտնում առագաստ:
Բողբոջ էր, ծաղիկ գույները այգի. պտուղ էր կաթում:
Հացը կիսում էր, գինին բաժանում, սիրո ընթրիք էր,
ու կնաչ էր՝ ծնունդ, ավետիս ու լույս, և ոսկու անձրև էր տեղում:
Պորթկաց քաղաքը. խոր ընկրկեցին շենքերը մեկ-մեկ՝
աղեղ լարելով արձակման պատրաստ պրիկ փողոցներին:
Օրհնության կրակ ու սաղմոսների դողը շուրթերին՝
երկար կուրանում ու ծանրանում էր անսահման երթը
լույսից խենթացած հոգիներ բերող բաց մարմինների.
ու ձայն էր գալիս փեղկված երկնքից մատընտիր օրվա:
ներսում կախ տված լի սափորները հեղում տաք հողին,
փխրուն հեղուկը՝ձկնառատ ու բաց, որոնում ափեր,
ձիգ առագաստներ՝դանդաղ ընթանում բացերը ծովի,
և Աստծո Հոգին խաղաղ շրջում էր ջրերի վրա.
Ազատ ներշնչանք, լայնություն դարձավ ճկվող քաղաքը
և տեղավորվեց արձակման պատրաստ ու պիրկ փողոցներ
աղեղին լարող քաղաքներ իր մեջ:
Փափուկ դաշտի մեջ տաք զուգավորվում ու կրակ դոփում,
վրնջում էին փոկ ու երասան բաց թողած ձիեր:
Անգիշեր օր էր՝ ձայների նման բաց ու անստվեր:
Ու ափի մեջ է ձիթենու ճյուղը կտցած աղավնին:
ԱՐԵՎԱԴԱՐՁԻ ՕՐԵՐ
1.Մենք
Մենք՝ շտկող մի ձեռք
և ընդամենը հինգ ամուր մատներ,
որ օդը լցնող տաք ձայների մեջ բռունց են դառնում:
Մենք ճերմակ շուշան
ու լույս արձակող սավաններ պահած՝
աղավնու տեսքով իջնող գոհության ամպհովանու տակ
մեզ միշտ ցանկալի ու շատ հարազատ բեռեր ենք կրկնում:
Մենք՝ փողերի կանչ,
մեր ձեռքերի մեջ փխրվող լույսին՝
կարդալով օրհներգ, մաքրության տաղեր,սաղմոսներ ազնիվ,
այս օտար կյանքին մտերմոթյուն ու նոր երթ ենք մաղթում:
Մենք խտանալուց առավոտ լցնող գույնն ենք շատացնում:
Իր տքնությունը ըմբռնող այրի վսեմ լռությամբ,
շարժով աներկբա,
ժամանակ կոչված տհաճ հոգնության
առավել հիվանդ, քարից էլ ծանր կողերն ենք հատում
ու վերքի միջով անցկացնում լույսը ընտրյալ օրվա:
Մենք արմատների իրական տեսքն ենք հողին փոխանցում:
2.Մեր ժամանակը
Առավել ծանր
և է՛լ ավելի դժվար բեռնված
որևէ կանոն, ծեսի չենթարկվող ժամանակը մեր.
անընթացք շարժ էր ոգորումները կեղևած հոգու:
Չպտղող ծառեր,
երանգներ փշրող ամայության պատ
ու քիմքի վրա խոնավ կոշտացող զոհի դառը համ:
Արտերի փափուկ, կանաչ ընթացքն էր դառնում մարտադաշտ:
Մեր գույնին ծանոթ
ու մերկությունը ճանչող ձեռքեր
երակից հատում ու ճզմում էին մաշված սիրտը մեր
և քամող արյան հենց նոր ծերացած գույնը որոշում:
Ցածր տանիք էր մեր տունը դարձած ծածկը դիրքերի:
Օրերը՝ կնճիռ,
հստակ լինելու պրկումն է մոխիր,
ստվերների թեք, ծանր սարսափն էր հալվում մեր ձայնին:
Երկման սևերից միշտ ու անընդհատ ձգտում ճերմակին
ու փոխարենը գորշությունը գտնում
իբրև սփոփանք:
Զենքի դիտակն էր երկինք նայելու միակ հայացքը:
Ու գնում էինք սուրսայր մեխերին հարընթաց բոբիկ.
չկար այլընտարնք, լույսին մեջք շրջել անկարող էինք:
Ձեռքերն օղակող շղթայի չափ էր ազատությունը:
Ու ճիչ էր կանչը:
3. Դժվար երթ
Էջք ու հետընթաց.
մակաղած օդը աղի սառնության կեղևն էր ծակել.
խոնավն էր ծորում դառը մերկության.
օրը նստվածք էր, ինքնայրման մոխիր՝ ավազների տակ:
Ծննդյան տոներ: Քաղաքն էր մեռյալ: Կարծր դեկտեմբեր:
Ու մեր երամը՝ թաց փետուրների ավերված ճախրանք,
որ տենդի մեջ էր ու պղտոր ջերմի,
մտքի փլվածք ու անհիշողություն քայլում էր, թե ո՞ւր...
Անծիր քշվելու դող ու հրահանգ՝ բաց ունկերից ներս:
Պոռթկում չդարձող մեր կծկումերի խոնավ ընթացան էր
ցավի մենության ու մութի միջով՝
ցուրտ ու ծանրարյուն.
մեր ձեռքերում չկար քնար,
մեր գրկի մեջ խաչը չկար,
չկար սաղմող քարեր տանող մեր շուրթերին.
մենք՝ հոգնած ու թույլ,
կախված սարսափի անգույն թելերից:
Հնամյա ցավն էր ձգվելով ծորում կոտրված ազդրին:
Մութի մեջ թռչուն՝ թևը չէր շարժում լամպ ու լուսարձակ:
Մեր թաց աչքերից սարսուռն էր կախվել, տենդը խենթության,
ծույլ քամում էինք ամուլ խավարի ստինքները ցուրտ,
բարկ քարեր կային ու պիրկ սլաքներ
բառերի մեջ մեր:
Վիհերին փլվող թիապարտության
երթ էր անընդհատ:
Կանչ էր մեր հոգին,
չորուկ մարմինը՝ փող եղերական:
ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ
1
Հոգնած գիշեր է,
ու մութը ծանր
միակ լապտերն է այս թաց խավարի:
2
Ու մութն է ձգվում,
ու չի այցելում մեզ ոչ մի երազ
անվերջ երկարող, խավարից հոգնած այս գիշերի մեջ:
3
Օտար,
անհարազատ մի երազ
դավով խուժել մեր քնի մեջ
ու դարձել է գիշերը մեր դիվահար...
4
Լուռ են ու հոգնած քնարները մեր
և օրորվում են առանց լարերի խավարի մեջ թաց,
ու սրտի երգը մեր տաք ու ամուր
կուչ եկած մրսում ու սրթսրթում է փողոցների մեջ՝
որբ, թշվառ, անընկեր:
5
Նրանք հոգնածոր
ու գալիս էին մեծ հեռուներից,
փոշեպատ, տքնած,
ճանապարհների հիշողությունը հողաթափերին,
նստում գիսավոր մեր խավարի մեջ
ու լույսի մասին երազից էլ մեծ բաներ պատմում մեզ.
մենք սոսկ մատների տեսողությամբ ենք մեր դեմքը զգում:
6
Անձրևներ եկան,
ու ջրհեղեի նմանությունն էր ջրափոսերում.
հողմերի ծանր թոքերով շնչող քամիներ եղան
ու գազի նման օդը բռնկվեց սենյակիդ մեջ.
մեր մարմինները թույլ ծածկվեցին ջերմության հոսքից:
7
Հասկացանք,
որ լույսի մասին ունենք
մեծ հիշողություն ու անգիր վեպեր.
մեր գիշերները փոքր դուրս եկան մեր երազներին:
8
Լռությամբ ըմբոստ բռունցքներ կծկող մեր բազուկներից
ձող երկարեցինք ու մեր վառ մաշկից՝ դրոշ ընդվզման:
9
Մեր բարկ աչքերը ջահերի նման ափով կրեցինք,
որ վստահ անցնենք չորուկ եզրերը աղոտ վիհերի:
10
Մեր պատառոտած մարմնի գամերից մենք զանգ ձուլեցինք,
ու ղողանջը բաց այգը օրհներգող դարականչն էր մեր:
11
Մահվան սառույցին
մեր ոսկորներից խարույկ սարքցինք,
որ չընդհատվի ցուրտ անոթների մեջ ընթացքը արյան:
12
Մեր ափեր մեջ
անվերջ քրտնելուց հոգնած լույսերը,
որ ճյուղեր էին ինչ-որ ժամանակ, ծաղիկներ ու գույն,
փռում ենք իր մեջ մութը փտեցնող մահվան ճահճին՝
որպես սալեր տաք,
կամ մտերմություն արձակող քարեր.
մոտիկ ու մոտ է հողը երկնքին մերձեցնող գույնը:
13
Ծանր բահերով
ու բեռնավորման թիերով կարծր,
երկրին ծանրացած անկյալ սալերի ծածկույթն ենք քերում
ու մեր ծիլերը երկար ծերացած, հանում արևին:
14
Մենք ձեռք ենք մեկնում,
մենք շոշափում ենք մեր մարմնից հեռու քամված սիրտը մեր
ու մատով սեղմում երակը հատված:
15
Մենք՝ օրհնված հող,
անընդհատ մաքուր,շիտակ անկյունը
այս հոգնած, կեղտոտ ու ցուրտ աշխարհի:
16
Մենք քարերի մեջ
ու բաց վիհերի խորության վրա
ձիթենու ճյուղը կտցելու համար
տքնող անհատույց:
17
Մենք հույժ քննությամբ
ու նաև կամոքով ընտրված մեկը
ճերմակ թիկնոցը կրելու համար կանչվածների մեջ:
18
Մենք շատ էինք քայլել,
մեր ծնկների մեջ աշխարհն է հոգնել,
ուղիների գորշ, տտիպ փոշին է երազները մեջ:
19
Ու թվում էր մեզ,
թե մերձավորը հարազատ հեռվում
մեր բաց ոտքերը տքնության փոշուց մարքելու համար
տոնական զվարթ սափորների մեջ
պատրաստում է ջուր:
20
Ու մենք չունեցնաք
մեր ճանապարհին առաստաղ ու ծածկ
տունը հասնող թեթև պատրանքը զգալու համար:
21
Այս կյանքը տխուր ու շատ է հոգնած,
ու մենք ստիպված մեր եարզների գույնով ենք լցնում,
ապրում անիմաստ՝ երազից ծնվող հրաշքի հույսով.
հեքիաթների մեջ բարին շատացնող ասպետներ չկան:
22
Հոգնած մութի մեջ
ու չարչարանքի դժվար խավարում
երկար կնաչում ենք ու հիշողությամբ տալիս անուններ
և ձայնի շեշտով ճանաչում իրար, գտնում մեկմեկու.
մեզ փոխարինված մեր ստվերին ենք մենք կիպ նույնանում:
23
Ծարավ կանգնած ենք մեր ձեռքերով փորած ձրհորների մոտ,
ու տիղմով խառն է բաց դույլերի մեջ փոթորկվող ջուրը:
24
Օրերի տեսքն է լեռ քարի նման կախվել մեր ներսում,
կնճռոտ քարեր են մեր խեցուց պոկված մարգարիտները,
ու մեր շուրթերից գույնի փոխարեն քարեր են կաթում:
25
Հոսում է գետը՝ երկրային օծման հին ծանոթ գույներ,
անտարբեր թերթված մեր բաց էջերին գծեր բացասման,
ու ոչինչը կա այս վերջին պահին մեր ափերի մեջ:
26
Տաք աղավնիներ՝ փափուկ խմբվում ենք մեր լռության շուրջ
ու փորձում հիշել՝ որտե՞ղ կորցրեցինք ճյուղը ձիթենու:
27
Հողը տաք կին է,
հողը երկնում է ու լեռներ ծնում,
լեռը ճեղքվում է
ու լեռան միջից ծառ է բարձրանում,
և ծաղկող լույսը երկնքից կախված պտուղն է ծառի:
28
Ու փափուկ, թեթև, թարմությամբ մաքուր,
որպես վիթ ճերմակ,
անցնում ենք երկերային կեղև չունեցող խորունկ դաշտերով,
ու հետքերից մեր լույս է բարձրանում
և առավոտն այն,
որի կապույտով, Մարդու որդիներ, դեռ անցնենք պիտի:
ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՍԱՀՄԱՆ
1.Սահման
Մեզ
արգելված էր
աղի
տքնության մեր հացը կիսել:
Օտարի
ձեռքն էր,
օտար
ոտքեր էր երկարած մեր ցավին,
ստվերների
վախ ու հին մահվան դող՝ մեր ցուրտ աչքերում:
Ավերված
իջնում.
մեր աչքեի
մեջ՝
մոտիկ
բարձրունքներ, կծկում վայելքի:
Կանգնում
փլատակ.
մեր
երազներում՝
փափուկ
Ծիրկաթին ու տաք ընթացքներ:
Մենք լքե՛լ,
թողե՛լ
ու
կորցրել էինք
մեր բաց
կանչերից զուլալված գույնը
խուլ
փողոցների:
Օրերը
հատ-հատ ծնկել են մայթին,
ու
տարիների պտղած ծառերը ճյուղակոտոր են,
որ դեռ
հին տոնից՝ մեր ներկայության անվանատառեր,
դրոշմած
սիրո հետքեր են պահում իրենց կեղևին:
Օտարի
ձեռքեր.
օտարի ոտքն
էր,
ու ցավ
հարազատ…
Օրը
կիսվում էր հողին ծանրացող ձայներից երգերի:
2.Քաղաքը
Քաղաքը
գորշ էր,
անհամ,
ու լիքը
գույներով մահվան:
Դարպասներից
ներս տանկեր կան կանգնած,
պատրաստ
հրազեն,
օտար
դրոշով անզուսպ զինվորներ՝ պատերից այն կողմ,
և ուրիշի
հողի փոշին կլանած, թաղքած շինելներ…
Քայլում
են նրանք,
խփում
ոտքերը արգելփակոց դարձած մայթերին,
և
արձագանքը՝ օտար ու բռնի,
օղակ է
դառնում ճանկերից հոգնած մեր կոկորդներին:
Անհամ է
ու գորշ.
մեզ այլ
մի երկրի օրենքը հարգող ձեռքի շարումից՝
ժամի
կրճատում, կրճատում օրվա:
Այստեղ,
բազմահարկ
շենքերի հեռվից,
մեր
կրակները՝ ջրասույզ, ուժատ,
հրվում են
ներքև,
ու փոս է
ընկել ասֆալտն այդ մասում.
այստեղ
չմարդվող մեր բարկությունն է անհաշտ մեծանում
և որևէ
կերպ չի տեղավորվում սենյակների մեջ:
Խորթ ու
անընտել ձայներ են լսվում երկնքից:
Քայլում
են նրանք՝
ինքնիշխան,
գոռոզ,
որպես թե
տերեր
կամ
արքաներ
հնում
ունեցած այս մեծ քաղաքի:
Քաղա՛ք,
հուշամատյան
իմ օրերի, նվաճված ես, քան երբևէ,
առանց
զենքի ու մատնության,
անօգուտ
են դեռ չխլված քնարները
և
ավելորդ՝ բառերը մեր:
Մեր ճաքած
սիրտը
մեր չոր
ծնկներից ներքև է դրված:
3.Արհավիրք
Քաղաքը
ծնկել
ու
խորությունն է տնտղում իր վերքերի:
Ցնցումից
լույսը ճեպում էր անիվների պես:
Պատերից
ցածր են հատակներ սեղմող առաստաղները:
Փոս ու
գերեզման անճում են… վերջն է:
Ու ծխում
են սև շրթունքնով այտերը:
Մահը՝
չմարսվող,
իր համն է
գծում ամայության մեջ,
ու միակ
գույնը, որին վստահել,
մարդն է՝
նորածնից մինչև ծերունի,
և
գեղեցիկը, որ փշուր-փշուր մնաց հողի տակ:
Մահը
մոտիկ է փլվող շենքերի,
ավերված
հողի
ու մարդու
տեսքով:
Մահը
քայլել է…
անկարող է
որևէ քամի
այդ
մեղավոր ոտնահետքերը ավազով ծածկել:
Սևն է
բարձրանում…
և զորավոր
է այստեղ վստահված ամեն մի գույնից.
սևն է
բարձրանում՝
որպես
անսահման ջրհեղեղից հետո
ահեղ
թմրությամբ գոլորշին երկրի:
Աղի
արցունք է կախվել կոպերից ապրող խեղճերի:
Քաղաքը
ծնկել,
իր սիրտն
է փնտրում բեկորների մեջ.
ու ծխում
են թաց այրերը մութի բիբերում:
Հողի մեջ խրված մահվան խաչերը ոստ են արձակում:
4.Ջարդ
Քարերի
վրա
ու
նկուղների խոնավության մեջ դարսված են դիեր՝
շար-շար,
ամայի, երկար ավերված.
պարապ չեն
անգամ մսագործների դանակ ու կացին:
Սահմանից
այն կողմ վայրենու ձեռքը՝ եղուն ու ատամ,
բարձրանում
է սև, ավերջ թունավոր, տագնապ ու կռինչ,
և իր
ստվերներով, այստեղ՝ իմ երկրում, ծածկում տանիքներ,
հում
երազները մեր տաք աչքերի գույնն են տրորել:
Այդ բրդոտ
թաթը,
որ վարժ
է, հմո՛ւտ կացին սրելու դիվահար գործում,
անշփոթ
գիտի իմ ազգանունը,
ամեն մի
անուն՝ գրված ճյուղերին իմ տահմածառի:
Մահվան
երակից սկսվող ճանկը,
այդ
նախաձեռքը,
որ ջուր
ու օճառ տեսնելուց անգամ չի մաքրվելու,
պատմությունից
ներս դժվար ու անլից փոսեր է թողել,
տապալել
սյուներ՝ իրենց նիստերին ժամանակ պահող.
ու
կյանքից երկար հիշուղությունն է ապրում մահվան մեջ:
Անշարժ
մայթեին,
մռայլ
քաղաքի գիշերների մեջ
ձայն
դողացնելով մութն են խտացնում ծանոթ ստվերներ.
անքնությունն
է դիակի գույնով առաստաղից կախվել:
5.Սուգ
Սուգը՝
ուրվական,
մահվան
աննկար թիկնոցն ուսերին,
ներթափանց
օդի ամեն մի ումպի կամ կաթիլի մեջ.
ծույլ
պտտվում էր կնճռոտ քաղաքում,
ոտնահետքերը՝
ցուրտ հիշողություն, թողել է մայթին:
Չընկալվող
խզում,
կծկումներից
ներս կոշտացած ցավը չի դառնում բառեր,
չկա գույն
կամ ձայն գիշեր հեշտացնող մեր երազներից,
անջատ-ընդհատ
է սիրտը ուղեղին հաղորդող լարը:
Սև
սավանները
փափուկ
ծածկել են ձայներանգ ու բառ, տուն ու հայելի…
ձեռքերի
տեսքն է ավերված կախվել-մնացել օդում.
ամբողջ
երկիր, որ ճաքած սիրտ է,
այդ
սավաններով գույնից դատարկված աչքերն է սեղմում:
Դրոշներն
ամեն՝ սև երիզներով,
ու
խոնարհված են.
պատերազմի
սև արմատը խորն է խրվել հողի մեջ:
Փակե՛ք
դռները,
պատուհանները
պի՛նդ խցկեք, ամո՛ւր,
որ
միջանցքներում սակավօդ ու նեղ
կյանքը մի
փոքր, մի խոսք ու մի բառ, մեր սիրուց պատմի:
Սուգ է,
սառնություն,
ու կրկին
օրը սևեր է հագնում.
ամենամոտը
մահացածների ներկայությունն :
Մեր
աչքերի մեջ փթթում է սառցե ծաղիկը ցավի:
Комментариев нет:
Отправить комментарий