էզրա փաունդ / ezra pound

















Աղջիկ


Ծառը մտել է ձեռքերիս մեջ,
Բուսահյութը բարձրանում է իմ բազուկներով,
Ծառը կրծքիս մեջ է աճել
Դեպի ներքև,
Բազուկների պես` ճյուղերը դուրս են աճում ինձնից:

Ծառ ես դու,
Մամուռ ես դու,
Մանուշակներ ես հողմերի ներքո:
Երեխա ես դու - բարձր այնքան,
Եվ այս ամենը անմտություն է աշխարհի համար:

Ողջույն

Սերունդ լիապես ինքնագոհների
      և լիապես անհարմար սերունդ:
Ես տեսել եմ ձկնորսների խնջույքն արևի տակ,
Տեսել եմ նրանց՝ անփույթ ընտանիքներով,
Տեսել եմ նրանց ժպիտները՝ ատամներով լի,
      լսել եմ նրանց ծիծաղն անշնորհք,
Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք,
Եվ նրանք ինձնից երջանիկ են,
Եվ ձկները լողում են լճում
     ամբողջովին մերկ:

Ձեղնահարկ

Եկ խղճանք նրանց ովքեր մեզնից հարուստ են:
Եկ հիշենք, բարեկամ, որ հարուստները
         ծառաներ ունեն բայց ոչ բարեկամներ,
Իսկ մենք ունենք բարեկամներ բայց ոչ ծառաներ:
Եկ խղճանք ամուսնացածներին և չամուսնացածներին:

Լուսաբացը ներս է մտնում փոքրիկ ոտքերով
         որպես մի ոսկեզօծ Պավլովա,
Եվ ես մոտ եմ իմ ցանկությանը:
Կյանքն ավելի լավ բան չի պարունակում
Քան այս ժամը զուլալ զովության-
        միասին արթնանալու ժամը:

Երգ վիրջինալի համար

Ո՛չ, ո՛չ: Հեռացեք: Արդեն լքել եմ ներան:
Ես չեմ պղծի ասպարս բծերով անհեթեթ.
Իմ օդը հիմա այնքան ջինջ է ու թեթև:
Փոքր են ներա ձեռքերը, բայց զորեղ այնքան,
Որ ինձ եթերային քողով պատեցին,
Ասես՝ քաղցր սաղարթով, ու մաքրությամբ, ասես:
Այդ մերձության մեջ մոգություն գտա ես,
Որ դառնալու էր իմ փրկության խեցին:
Ո՛չ, ո՛չ: Հեռացեք: Մեղմ զեփյուռի հետ
Զգում եմ բուրմունքը կեչու անտառի.
Ծլում է կանաչը. ապրիլն իր ժիր ձեռքով
Ամոքում է ձմռան վերքերը հերթով:
Այս տիկնոջ ժամերը ճերմակ են հավետ,
Ճերմակ են, ինչպես կեղևը ծառի:

Ալբա

Սառը ինչպես գունատ ու թաց տերևները
           հովտաշուշանի,
Նե պառկեց իմ կողքին՝ լուսաբացի մեջ:

Նկարը

Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:
Այստեղ կար սեր, որը ջրասույզ չի լինում:
Այստեղ կար ցանկություն, որը չի ջնջվում համբույրով:
Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:

Պարտեզը

En robe de parade.
Samain*

Պատի դեմ փչված արձակ մետաքսի փաթոցի նման
Նե քայլում է Քենսինգթըն Գարդնսի ճաղաշարքի
               մոտով
Եվ մաս-մաս մեռնում է
                ինչ-որ զգացմունքային անարյունությունից:

Ներա շուրջբոլորը կատարյալ աղքատների
Աղտոտ, պինդ, անսպանելի երեխաների խաժամուժն է.
Նրանք պիտի ժառանգեն երկիրը:

Ներա մեջ՝ ավարտվում է տոհմը:
Ներա ձանձրույթը նրբին է և չափազանց:
Նե կցանկանա, որ մեկը խոսի իր հետ
Եվ համարյա վախեցած է, որ ես
թույլ կտամ այդ անհամեստությունը:


* Շքերթի համար հագնված (Ալբեր Սամեն, Au Jardin de l'Infante-ից)

L'Art

Կանաչ մկնդեղ՝ ձվաճերմակ կտորի վրա լղոզած,

Ճզմած ելակներ: Թող խրախճանան մեր աչքերը:
թարգմնությունը՝ Սամվել Մկրտչյանի

Комментариев нет: