մարինե պետրոսյան / marine petrossian















ԵՐԿԱՐ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ


երկար դադարից հետո ես նորից նստեցի
բանաստեղծություն գրելու
և տխուրն էն ա որ էս դադարը երևի շարունակվեր երկար
եթե իմ կյանքում աղետ չպատահեր
որովհետև թվում էր անհետացել ա տեղը
որ իմաստ էր տալիս բանատեղծություն գրելուն
տեղը տարածքը տարածությունը որ կար
հաստատ կար
ու հիմա ոնց որ թե չկա
բայց չկա՞ թե տեղաշարժվել ա ուրիշ տեղ
էս ա հարցը որի պատասխանը ես շուտով կստանամ
քանի որ երկար շատ երկար դադարից հետո
նորից նստել եմ բանաստեղծություն գրելու

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ


փողոցը որտեղ ծնվել ես
քեզ տվել են ձրի
մնացածը արդեն կարող ես առնել փողով
կարող ես առնել նոր տուն նոր փողոցում
և նույնիսկ նոր քաղաքում ու նոր մայրցամաքում
եթե շատ փող ունես
բայց էն որ տվել են ձրի ամենաթանկն ա
որովհետև քոնն ա ոչ թե սեփականության իրավունքով
այլ որպես անհասկանալի կարգավիճակով նվեր
ոնց որ կյանքդ որ հանկարծ պարզվեց հեռանում ա
իսկ նվիրատվության հեղինակը չկա
որ գտնես ու ասես

նվերը ախր հետ չեն վերցնում

ԱՎԱՏԱՐ


Ամերիկան ծախսել ա
300 միլիոն դոլար
և ֆիլմ ա հանել էն մասին
թե ինչքան վատն ա Ամերիկան

էնքան վատն ա որ
ֆիլմի գլխավոր հերոսը
անցնում ա թշնամու կողմը

որովհետև թշնամին
թույլ ա վայրենի ու պոչավոր
բայց արդար ա

մյուս կողմից
էդ ֆիլմի գլխավոր հերոսը
ամերիկացի ա ախր
էն էլ տիպիկ ամերիկացի
հոլիվուդյան թեքումով

Ամերիկան ծախսել ա
մի քանի հարյուր միլիոն
որ ցույց տա թե
ինչքան լավն ա ամերիկացին
կամ որ նույնն ա թե
Ամերիկան

ՆԵՐՔԻՆ ԲԱՆԳԼԱԴԵՇ

                                    Ծովիկին

մահը մարդու
որին չէիր ճանաչում
մի տեսակ ուրիշ
տխրություն ա բերում

մի տեսակ անբառ
տխրություն

ու դու հանկարծ հասկանում ես
որ տխրությունն էս
միշտ ա եղել
դու ընդամենը դրա վրա
սիրուն
ծածկոցներ էիր փռել

ու հիմա մարմինը մարդու
որն արդեն չկա
քո մեջ հերթով պատռում ա
էդ սիրուն
ծածկոցները

ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀԵՌՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՈԼՈՐ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ


երևանը փոքր ա
որովհետև երևանցիներս քիչ ենք
ու որովհետև քիչ ենք
մենք խեղդվում ենք
ու որովհետև խեղդվում ենք
մենք հեռանում ենք
ու որովհետև հեռանում ենք
երևանը փոքր ա
ու որովհետև փոքր ա
մենք խեղդվում ենք
ու որովհետև խեղդվում ենք
դրա համար էլ հեռանում ենք
ու որովհետև հեռանում ենք
դրա համար էլ քիչ ենք
ու որովհետև քիչ ենք
դրա համար էլ երևանը փոքր ա
ու որովհետև փոքր ա
դրա համար էլ մենք խեղդվում ենք
աաաաաաաաայ
իսկ որտե՞ղ ա ելքը

ելքը դիմացդ էր
ուղիղ դիմացդ
բայց դու արդեն հեռացել ես

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԱՆՏՈՆԸ ՉԻ


ճակատագիրը
դանտոնը չի
որ կաշառք վերցնի

ճակատագիրը
ավելի նման ա
ռոբեսպիեռին

բայց ռոբեսպիեռից
հնարավոր եղավ
գիլյոտինով ազատվել

իսկ ճակատագիրը
գլուխ չունի
որ կտրես

ԿԱՐՄԻՐ ՇՐՋԱՆԱԿ


ամեն ինչ
հիմա աչքիս երևում ա կարմիր շրջանակի մեջ
որովհետև մարմինս ցավում ա
ու էդ ցավը երևի նշանակում ա
որ արդեն շատ քիչ մնաց ապրելու

բայց դեռ հաստատ չի ոչ մի բան
ամեն ինչ հաստատ կդառնա
մի հինգ վեց օրից

դրա համար էլ ես դեռ մի քիչ հույս ունեմ
որ էս ցավը
նշանակում ա ուղղակի ցավ
որ եկել ա ու կգնա
ոնց որ գարունն ու ձմեռը
ոնց որ ծաղիկները ու կոկորդիլոսները
ոնց որ ամեն ինչ էս կայնքում
ու ոնց որ կյանքն ինքը

ԳՈՌՈՒՄ ԵՆ ՄԻ ՁԱՅՆՈՎ ՈՆՑ ՈՐ ՔՈՆԸ ԼԻՆԻ


մարդիկ տարբեր են լինում
հիմար շատ հիմար
սիրուն շատ սիրուն
անհասկացող լրիվ անհասկացող
բայց բոլորն էլ մարդ են
քո նման
ու երբ ոտքդ դնում ես իրանց բաց վերքերին
գոռում են մի փայնով ոնց որ քոնը լինի
հետո զարմացած աչքերով նայում են վրադ
ասես թե մեկը խոստացած լիներ իրանց
որ չի լինելու ցավ
որ չի լինելու ցավ

ՎԵՐՋԱՑԱՎ ԱՄԵՆ ԻՆՉ 

ուզում են էնքան ձյուն գա
որ ես զարմանամ
էնքան զարմանամ որ
չկարողնամ խոսել
չկարողնամ քայլել

ձյունը էնքան գա
որ ծածկի ինձ լրիվ
ու ես մոռանամ որ
պետք ա հաց առնեի
պետք ա տուն գնայի

ու ես մոռնամ որ
կսառեմ կմեռնեմ
ու ես մոռնամ որ
մեռնելը վերջն ա

էլ ինչ տոն եթե
ձյունն էնքան ա գալիս
որ ծածկում ա ամեն ինչ

էլ ինչ տոն եթե
ձյունը ծածկում ա
նույնիսկ թռչուններին
որ երկնքում են

եթե սա վերջն ա
ուրեմն վերջը
ավելի սիրուն ա

քան ես էի կարծում