Գևորգ Թումանյան / Gevorg Tumanyan











ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

1.
Քաղաքապետը
վեց տեղակալ ունի
օրական
ծեծում է մեկ տեղակալի

յոթերորդ օրը
հանգստանում է

2.
Յոթերորդ օրը
քաղաքապետը հանգստանում է

առավոտյան
անոթի
թիկնազորով եկեղեցի է գնում

իր
սեփական եկեղեցին
սեփական աբեղայով
քահանայով և ժամհարով
սեփական հրեշտակապետերի դասով
և զվարթուններով

եկեղեցում
անհամբեր սպասում են
սեփական հավատացյալները

3.
Սեփական հավատացյալների
հանգանակությամբ
քաղաքապետի պատվերով
քաղաքում
տարեկան
մեկ արձան է դրվում

անցյալի
մեր փառապանծ արքաների
նախարարների իշխանների
զորավարների գիտնականների արձանները

առեղծվածային կերպով
բոլորը
հետագայում նմանվում են
քաղաքապետի
հանգուցյալ հորը

4.
Ով
դեմ է ինձ
իմ օղորմածիկ հորը
իմ լույսի պես զավակներին
իմ աստվածազարմ ընտանիքին
ով պարսավում
քննադատում է մեզ
սատանայի որդի է

սիրում է կրկնել
աստվածաբան
աստվածավախ
քաղաքապետը

5.
Աստվածաբան
աստվածավախ
քաղաքապետը
ստիպված կրկնում է

փոքր որդիս
ամենևին էլ
ավազակ չէ
բռնաբարող չէ
ցոփ ու շվայտ
կյանք վարող չէ

միջնեկ որդիս
ամենևին էլ
թմրամոլ չէ
լակող չէ
թմրանյութ վաճառող չէ

ավագ որդիս
ամենևին էլ
հանցագործ չէ
մարդասպան չէ

մեր աստվածազարմ տոհմը
հայհոյելու համար
նրանք
պարզապես նվաստացրել
և թրխկացրել են
մեկ-երկուսին

6.
Իմ դիզած հարստության
համար չէ
որ նրանք
կամ ես
մեկ-երկուսին
պարզապես նվաստացրել
և թրխկացրել ենք

6.
Իմ դիզած հարստությունը
արդար
աստվածամաքուր քրտինքի
և արյան պտուղ է

ամեն օր
չեմ հարստահարել քաղաքացիներիս
քաղաքացիներիս բերանից
հանապազօրյա պատառը չեմ թռցրել

7.
Իմ դիզած հարստությունը
խանութներից է իմ
և հյուրանոցներից
զվարճանքի վայրերից է
և ռեստորաններից
իմ անասնապահական ֆերմաներից է
և գյուղմթերքներից
գրասենյակներից է իմ
և գործարաններից
իմ տրանսպորտից է
և գազաբենզալցման կայաններից
վաճառած իմ հողերից է
և տարածքներից
իմ շենքերից է
և բնակարաններից

և վերջապես
իմ դիզած հարստությունը
իմ աստվածախոնարհ խելքից է
ու շնորհքից

8.
Ոչ  ոք
չի խոսում
իմ աստվածախոնարհ խելքից
ու գթառատ շնորհքից

եկեղեցի եմ կառուցում
և խաչքարեր կանգնեցում
օգնում  եմ աղքատներին
և տնանկներին
սնանկ ուսանողներին
և ծերերին
աղքատ պոետներին
և տնանկ նկարիչներին

իմ աստվածահաճո բարեգործությունները
և նվիրատվությունները
անշահախնդիր
իմ շռայլ լինելը
ոչ ոք
չի բարեբանում

9.
Մովսեսը
քառասուն տարի
իր ժողովրդով
անապատում եղավ
որ հրեան
հրեա դառնա

ինձ
իմ որդիներիս
հարազատներիս ընկերներիս
և քաղաքիս
այդքան ժամանակ է պետք
որ քաղաքը
քաղաք դառնա

ամեն

10.
Հարցազրույցից
հաշված օրեր անց
ողորմած քաղաքապետը
օղորմածիկ դարձավ
իր վճիտ
և աստվածաշնորհ հոգին
ավանդեց
իր աստծուն

ասում են
մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում
կրակահերթեր են եղել

ասում են
հանրապետության
գլխավոր քաղաքապետին
կուրացնում էր
մեր քաղաքապետի
շողշողացող աստղի
զորությունը և փայլը

11.
Տարիներ հետո
քաղաքապետի
պերճ գերեզմանոցը
լքված էր
և անխնամ

մամռակալած տապանաքարին
որ ինքն էր
կենդանության օրոք շինել
հազիվ նշմարվում էր
հետևյալ գիրը

աստ հանգչի
սրբակյաց մի անձ
ով իր կյանքն ու հոգին
մատաղեց
իր քաղաքին
և  աստծուն